Դեպի Ռուսաստան մեր արտագնա աշխատողների թիվը էապես նվազել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Որովհետեւ աշխատավարձերի տարբերությունն իրական արտահայտությամբ, որ մենք ունենք Ռուսաստանի հետ, բավականին նեղացել է: Իրենք այնտեղ ստանում են ռուսական ռուբլով, որի փոխարժեքը բավական բարձր է, երբ կոնվերտացնում ես հայկական դրամի, ինքը մոտավորապես նույն աշխատավարձերն է ստանում, մի փոքր բարձր, քան կարող է ստանալ այստեղ շինարարական կամ այլ ոլորտներում:
Այդ իմաստով կարելի է ասել՝ որոշակիորեն պաշտպանվել ենք ակամայից, որովհետեւ այդքան մարդ չի գնում, այստեղ է աշխատանք գտնում:
Բայց եթե Ռուսաստանի շուկայում տեղի են ունենում բացասական պրոցեսներ, բնականաբար, դրա ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա նույնպես լինելու է բացասական»,-ասաց ԿԲ նախագահը:
«Բացի այդ, մենք ունեինք դրսից եկած աշխատանքային միգրանտներ, որոնց մի մասը, մեր ունեցած վիճակագրութան համաձայն, Հայաստանից արդեն հեռանում է: Դա վերաբերում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մարդկանց, այլև ցածր որակավորում ունեցողներին»,- ասաց նա:
Գալստյանը որպես օրինակ բերեց Հնդկաստանի քաղաքացիներին. «ՀՀ եկած Հնդկաստանի քաղաքացիների 25%-ն արդեն ՀՀ-ում չեն, ինչը վկայում է արտաքին պահանջարկի թուլացման մասին: Նրանք սկսեցին գալ անցած տարվա սկզբին, պիկի ժամանակ ունեինք 17,000 Հնդկաստանի քաղաքացի, վերջին դիտարկումով մնացել է 11,000-ը»,- ասաց նա: