Զգուշացում․ Կարմիր խաչի անունից կեղծ նպատակով հավաքագրում են արցախցիների բանկային տվյալներ

  • 14:49 05.08.2024

Հայկական կարմիր խաչի ընկերությունը տեղեկություն է ստացել, ոչ այս օրերին անհայտ անձինք Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց, հատկապես Արցախից բռնի տեղահանված անձանց ու օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրում են անձնական ու բանկային տվյալներ։

Հայկական կարմիր խաչի ընկերության լրատվության բաժնի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հակերային հարձակումներից պաշտպանվելու համար մարդկանց հորդորում է զերծ մնալ անծանոթներին հեռախոսով անձնական եւ բանկային տվյալներ տրամադրելուց։

«Զանգահարում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին եւ փորձում ճշտել անձնական տվյալներ, սոցիալական քարտի համարանիշ, բանկային տվյալներ՝ իբր օգնություն տրամադրելու նպատակով։ Զանգում են ամեն մեկին մի բան խաբում են, բանկային հաշվեհամար են ուզում։ Մենք նաեւ կանխիկ դրամական աջակցության ծրագիր ունենք, որի շրջանակներում գումար ենք փոխանցում մարդկանց քարտերին։ Բայց դա արվում է բանկերի ու Սոցապ նախարարության, արցախցիների հետ ուղիղ կապի միջոցով։ Եվ քանի որ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցած մեր շահառուները շատ լավ գիտեն, որ մենք երբեք հեռախոսազանգերի միջոցով անձնական ու բանկային տվյալներ երբեք չենք քննարկում, իրենք հասկացել են, որ այստեղ մի բան այն չէ եւ իմաց են տվել մեզ։

Մենք հորդորում ենք ոչ ոքի անձնական տվյալ չտալ։ Իդենտիֆիկացնելու համար պետք է  զանգահարել Հայկական Կարմիր խաչի ընկերության թեժ գծի հեռախոսահամարին՝ 81 84»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Մեր հարցին, թե այս խաբեության թիրախում հենց արցախցինե՞րն են, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Թիրախում հենց արցախցիները չեն, այլ մարդկանց էլ են զանգում, բայց Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի շրջանակ են ներկայացնում»։

Ռոզա Հովհաննիսյան

f