Բայդենն ու Բորելը խոսել են Կուրսկի մոտ ուկրաինական զինված ուժերի հարձակման մասին

  • 18:53 14.08.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին, Նյու Օռլեանում լրագրողների հետ զրույցում առաջին անգամ մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը։ Բայդենն ասել է, որ բեկումը «իսկական երկընտրանք է ստեղծում Պուտինի համար», և ԱՄՆ-ն «ուղիղ և շարունակական կապի մեջ է ուկրաինացիների հետ»: «Դա այն ամենն է, ինչ ես պատրաստվում եմ ասել այս մասին, քանի դեռ իրադարձությունները զարգանում են», – ասել է Ամերիկայի նախագահը:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնպես խոսել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին։ Նա X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է ռազմաճակատի վերջին իրադարձությունները և Կուրսկի մոտ հակահարձակումը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հաստատել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է ուկրաինացի ժողովրդի պայքարին։ «Պուտինը չկարողացավ կոտրել ուկրաինական դիմադրությունն իր անհիմն ներխուժման դեմ և այժմ ստիպված է նահանջել ռուսական տարածքի ներսում»,- ասել է նա։