Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից. Ինչի՞ մասին է աղմկում Մոսկվան

  • 13:18 20.08.2024
Մոսկվան հուսով է, որ Հայաստանը, չնայած ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներդրումների և «պայծառ ապագայի» խոստումներին, չի հրաժարվի ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից, որն իրեն զգալի օգուտներ է բերում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Նրա խոսքով, ԵԱՏՄ շրջանակներում Մոսկվայի հետ դաշինքը հիմնված է փոխշահավետ համագործակցության վրա, և Հայաստանի տնտեսական աճը մեծապես պայմանավորված է այդ դաշինքով։ Նման դրական դինամիկայով քչերը կարող են պարծենալ, ընդգծեց նա։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին մերձենալու Երեւանի ուղեգիծը՝ դիվանագետը նշել է, որ Հայաստանը «կուլ է տվել» Արեւմուտքի խայծը։
«Այստեղ մեր գործընկերները հավանաբար կուլ են տվել Արեւմուտքի խայծը, որը նրանց ներդրումներ, տեխնոլոգիաներ եւ լուսավոր ապագա է խոստանում։ Այս մոտեցումն արդեն քանիցս կիրառվել է հետխորհրդային տարածքում։ Իսկ թե ինչ է ստացվել՝ բոլորս հիանալի գիտենք եւ տեսնում ենք»,- ասել է նա։
Իզուր չէ, որ նման հայտարարությունը վստահվել է հայկական ազգանունով անձին. Ռուսաստանն իր ողջ ուժով փորձում է ցույց տալ, որ Հայաստանը գոյություն ունի միայն այն պատճառով, որ ռուսական կայսերական տարածքի մաս է կազմում, իսկ հայերը ռուսական իմպերիալիզմի հիմնական խոսափողներն են։ 
Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել հայոց պատմության դասագրքի վերաբերյալ, որում Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի գրավումն Իրանից կոչվում էր «անեքսիա»։ Դասագրքից բառը հանվել է, սակայն Մոսկվան հասցրել է հիշեցնել, որ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանը նվաճել է Իրանից, իսկ Գյուլիստանի պայմանագիրն իրականում անժամկետ է։ Սա հիշեցում է ոչ թե Հայաստանին, այլ Իրանին։ Չէ՞ որ Երեւանը փաստացի չի հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։
f