«Այն խորհրդարանը, որն ընդունել է Անկախության հռչակագիրը եւ այսօր տեսնում է, թե ինչպես է ոտնատակ տրվում այս հռչակագիրը ներկա իշխանության կողմից, բայց որեւէ բան չի ասում․․․ Դա արդեն լուրջ չէ։ Ես կոչ եմ անում, որ անպայման հետեւենք, որ այն հռչակագիրը, որը մենք ընդունել ենք, կյանքում կիրառելի լինի»,- այսօր Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հրավիրած հավաքում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանը։
Նա հիշեցրեց, որ 1992 թվականի հուլիսի 8-ին Գերագյուն խորհուրդն ընդունել է որոշում, որտեղ նշվում է, որ Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ իրավունք չունի Արցախը ճանաչել այլ պետության կազմում։ «Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ պաշտոնատար անձ, վարչապետ կլինի, թե մեկ ուրիշը, ընդունում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Եթե մենք իրավական աշխարհում ապրեինք, ինչպես ամրագրված է մեր Սահմանադրության առաջին հոդվածում, գլխավոր դատախազն անմիջապես, եթե ոչ հայրենիքի դավաճանության, ապա գոնե ինքնիրավչության համար քրեական գործ պետք է հարուցեր եւ պատասխանատվության ենթարկեր»,- ասաց Բալայանը։
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբն այօրվա հավաքի շրջանակներում հայտարարության տեքստ էր պատրաստել։ Կիմ Բալայանն առաջարկեց այդ հայտարարությունում ամրագրել, որ որեւիցե իշխանություն, այդ թվում՝ ներկա իշխանությունն իրավունք չունի շեղվելու Գերագույն խորհրդի ընդունած հռչակագրի սկզբունքներից։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: