2023 թվականի օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի կերպով հաստատված անցակետի տարածքից, բացի 22-ամյա Ալեն Սարգսյանից, ադրբեջանցիներն առևանգել էին ևս երկու երիտասարդի։
«Սրանք Մարտունու «Ավո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ են, ովքեր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկնում էին Հայաստան՝ մարզվելու»,- նշել է Հայրապետյանը։
Ականատեսներից մեկը, ում անունը իր խնդրանքով չենք հայտնում, մեզ հետ զրույցում ասաց, որ տղաներին բերման են ենթարկել բիրտ ուժի կիրառմամբ։ Ադրբեջանցին ինքնաձիգի կոթով հարվածել է երիտասարդներից մեկի գլխին (https://news.am/rus/news/777409.html):
«Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմիններն առևանգել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Փոխադրումը նախապես համաձայնեցված է եղել և իրականացվել է ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն, պետք է վերահսկեին Լեռնային Ղարաբաղի անխափան հաղորդակցությունը Հայաստանի հետ Լաչինի միջանցքով։
Այդ անձինք ուսումը շարունակելու նպատակով մեկնել են Հայաստանի Հանրապետություն։
Ադրբեջանի այս քայլը, որին նախորդել էր հուլիսի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից շտապ բուժօգնություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, կոպիտ խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումների, բացահայտ խախտում է միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միանշանակ և նպատակաուղղված կոչերի։
Տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանը բացահայտ ծրագրում է կոլեկտիվ պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին, որը անցյալ դարի 90-ականներին և 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ժամանակ պաշտպանել է սեփական հայրենիքում խաղաղ կյանքի իրավունքը։
Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված քայլերին աջակցելու փոխարեն ադրբեջանական կողմն ակնհայտորեն գործադրել է բոլոր ջանքերը՝ դրանք խաթարելու համար։
Շարունակվող զանգվածային հանցագործության կանխարգելումը` բոլոր հնարավոր գործիքների կիրառմամբ, իրավիճակի վրա ազդող բոլոր դերակատարների և ողջ քաղաքակիրթ աշխարհի անմիջական պարտականությունն է»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարը ոչնչով չի զիջում տխրահռչակ գեներալ Սաֆոնովին». Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը։
«Հակարի կամրջի վրա ապօրինի տեղադրած անցակետում այսօր տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Լենցովը իր գործողություններով կամ անգործությամբ (գուցե միտումնավոր) չի զիջում հայ ատող և տխրահռչակ գեներալ Սաֆոնովին ԼՂԻՄ ժամանակներին»,- պարզաբանել է Ղարամյանը։
Օգոստոսի 29-ին հարյուրավոր արցախցիներ հավաքվել էին Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ կանխելու ադրբեջանական ապրանքների մուտքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը և լուսանկար հրապարակել։
«Այս պահին հարյուրավոր մեր հայրենակիցներով գտնվում ենք Ակնա-(Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհին։
Ադրբեջանի կեղծ «մարդասիրական բեռը» Արցախ չի հասնի. Ովքեր հնարավորություն ունեն, խնդրում ենք միանալ մեզ։ Ամենայն հավանականությամբ, մենք գիշերելու ենք այստեղ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը փորձել է 40 տոննա ալյուր ուղարկել Արցախ
Օգոստոսի 30-ին ադրբեջանցիները անցել են ռուս խաղաղապահների անցակետը և փորձել են վրաններ տեղադրել։ Այս մասին Արցախի հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։
«Հիմա մենք ադրբեջանցիներից 200-400 մետր ենք հեռու։ Մենք այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք «մարդասիրական» բեռների մուտքն Արցախ. Նրանց ուղարկած օգնության կարիքը չունենք։ Թող բացեն Քաշաթաղի միջանցքը»,- ասաց Գաբրիելյանը։
Այս պահին Ստեփանակերտ-Ակնա ճանապարհի մի խումբ արցախցիներ կան (https://russia-artsakh.ru/node/16187)
«Ակնայից (Աղդամ) Ստեփանակերտ տանող ճանապարհը պարզապես լոգիստիկ ճանապարհ է, և մենք չգիտենք, թե երբ կգործարկվի։ Սակայն եթե այս ճանապարհի բացումը կապված է Լաչինի միջանցքի բացման հետ, և առավել եւս, եթե Լաչինի միջանցքը փոխարինվի այս ճանապարհով, ապա սա կլինի աղետ և Արցախի վերջը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Սրանից հետո միջանցք հասկացությունը կվերանա, և մարդիկ, անհրաժեշտության դեպքում, չեն կարողանա նույնիսկ փախչել, չեն կարողանա դուրս գալ։ Բացման հարցը (Աղդամից Ստեփանակերտ ճանապարհը – խմբ.) չպետք է քաղաքական դառնա»,- նշեց նա։
Ըստ նրա՝ մի ճանապարհը մյուսով փոխարինելու հարցը նույնպես աշխարհաքաղաքական խնդիր է, և այդ պլանի իրականացման փորձը կապված է լինելու Արցախը արագ խեղդելու ցանկության հետ (https://news.am/rus/news/777450. html):
Մեկ ամսից էլ քիչ ժամանակ էր մնացել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի զանգվածային էթնիկական զտմանը և բռնի տեղահանմանը։
Նյութը պատրաստեց Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: