Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում օգոստոսի 3-ին տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկում «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով, որի ժամանակ Հայաստանը կներկայացնի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը։ «Իհարկե, թեման լիովին արդիական է մեր իրավիճակի համար, և հայկական կողմը հանդես է գալու ելույթով՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը:
Մենք օգտագործելու ենք հասանելի ամբողջ գործիքակազմը բոլոր միջազգային ատյաններում Լաչինի միջանցքի վերաբացումն ապահովելու համար։ Նման գործիքները շատ են, մենք հետևողական կերպով դրանք օգտագործում ենք և գործի ենք դնում ըստ անհրաժեշտության, որի նպատակն է ուժեղացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա, որը արդեն տեղի է ունենում»,- ընդգծեց նա:
Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը Հայաստանից ելույթ է ունենալու ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր օրի վատթարանում է։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի, դեղորայքի վառելիքի մատակարարումներից։ Ադրբեջանն անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էլեկրականությունը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջ այժմ խնդիր է դրված միջազգային հանրության ներկայացուցիչների այցի միջոցով ցույց տալ իրադրությունը Լաչինի միջանցքում և ապացուցել, որ Ադրբեջանի հայտարարությունները, որ միջանցքը բաց է, չեն համապատասխանում իրականությանը:
«Դա շատ կարևոր է նրանով, որպեսզի ի ցույց դնենք, որ Ադրբեջանի հայտարարությունները այն մասին, որ միջանցքը բաց է՝ չեն համապատասխանում իրականությանը և Ադրբեջանը չի կատարում իրավական ուժ ունեցող պարտավորությունները, որոնք սահմանված են միջազգային հումանիտար իրավունքով և Արդարադատության միջազգային դատարանի հայտնի որոշումներով:
Ինչպես տեսնում եք, այսօր մենք կազմակերպել էինք ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների այցը Կոռնիձոր՝ սեփական աչքերով հավաստիանալու, որ Ադրբեջանը լիակատար կերպով մտցրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակում դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով, որին մենք ականատես ենք այսօր»,- ասաց Դավիթ Կնյազյանը:
Նա նշեց, որ մեծ ակնկալիքներ ունեն, որ միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա հնարավորություն կտա վերաբացել միջանցքը և թույլ տալու հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ:
«Այդ առումով մենք ունենք դրական զարգացում. բազմաթիվ հայտարարություններ են արդեն հնչել Եվրամիության, Եվրախորհրդի, արդեն նաև ՄԱԿ-ի և գործընկեր երկրների կողմից: Հարցը լայնորեն լուսաբանվում է նաև միջազգային ԶԼՄ-ների կողմից: Մենք շարունակում ենք աշխատանքները՝ ուժեղացնելու միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա, հասնելու համար մեր նպատակին, որը բացառապես հումանիտար է»,- նշեց նա:
Դավիթ Կնյազյանը նշեց, որ միջազգային գործընկերների այցերը Լաչինի միջանցք հնարավորություն տվեցին նրանց նույնպես հավաստիանալու, որ որևէ խոսք չկա սադրանքի մասին, ինչպես որ ադրբեջանական կողմը ի սկզբանե նշում էր, թե հայկական կողմն իբր սադրանք է պատրաստում, և սա ընդամենը նպատակ է հետապնդում քաղաքականացնել իրավիճակը:
«Որևէ նման վտանգ չկա. հումանիտար բեռները կանգնեցված են անվտանգ հեռավորության վրա, և հայկական կողմը պատշաճ կերպով տեղեկացրել է իր խնդրանքի մասին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին և իրենց միջոցով ադրբեջանական կողմին նախապես, մինչև բեռների այստեղ հասնելը: Այն հանգամանքը, որ բեռները արդեն մեկ շաբաթից ավելի գտնվում են այստեղ և հնարավորություն չի եղել տեղափոխել դրանք, ի ցույց է դնում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու ցեղասպանային քաղաքականությունը»,- եզրափակեց Կնյազյանը: