Խաչատրյան․ Փաշինյանը պարզ գործարք առաջակեց Ադրբեջանին

  • 15:13 03.09.2024

Փաստաթղթով պետք է ամրագրվի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծի ճշգրտումը բացարձակապես չի կարող վերաբերել Արցախի Հանրապետության քաղաքական կարգավորմանը, Արցախի Հանրապետության տարածքին եւ ուրվագծին։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգին, որի տեքստը հրապարակվել է երեկ։

Նա ասաց, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ է այդ փաստաթղթում հղում կատարվում Ալմա-Աթայի հռչակագրին։ «Ալմա-Աթայի հռչակագրում, ինչքան էլ ՔՊ-ականները պնդում են, բայց որեւէ հղում չկա վարչական սահմաններին։ Եթե դուք հղում եք կատարում վարչական սահմանների վրա, ցույց տվեք՝ այդ տեքստում որտե՞ղ եք դուք տեսնում վարչական սահմաններ արտահայտությունը։ Ալմա-Աթայի հռչակագիրն Ադրբեջանը վկայակոչում էր, որպեսզի իբրեւ թե ցույց տար, որ Սովետական միության փլուզման պահին Ղարաբաղը եղել է Ադրբեջանի կազմում, որպեսզի Արցախի հարցն ի օգուտ իրեն լուծեր, որը, ի դեպ, մերժվեց թե ՄԱԿ-ի, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Դա է պատճառը, թե ինչու է Ադրբեջանը դեռեւս 2008 թվականից այդ թղթի կտորն առաջ մղում։ Իսկ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը տվել է իր խորհրդատվական կարծիքը, համաձայն որի՝ տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ որեւէ ազգի կողմից անկախություն հռչակելուն, ինչն էլ արվել է Արցախի Հանրապետության կողմից»,- նշեց Խաչատրյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ պարզ գործարք առաջակեց Ադրբեջանին՝ առաջարկելով ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որի վրա մեծ տառերով գրված կլինի «խաղաղություն»։

«Ասաց՝ դուք ուզո՞ւմ եք, որ ես Սահմանադրությունը փոխեմ, ես դա կփոխեմ 2027 թվականին։ Որպեսզի 2027 թվականին ես լինեմ դա ստորագրողը, պետք է մի բանով ինձ աջակցեք։ Այսինքն՝ Փաշինյանը առաջարկեց գործարք, Ադրբեջանը հավանաբար խաղադրույքները կբարձրացնի։ Եվ Փաշինյանն առաջիկայում նոր զիջումների մասին կհայտնի հանրությանը՝ դրանք փաթեթավորելով որպես ձեռքբերում»,- հավելեց Խաչատրյանը։

f