«Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ 2020 թվականից մինչեւ 2023 թվականի սեպտեմբերը, ուղղակիորեն հակասում էր եւ ինքնորոշման սկզբունքին, եւ բոլոր այն դրույթներին, որոնք ամրագրված էին Մինսկի խմբի համանախագահների փաստաթղթերում։ Եվ հակասում էր նաեւ այն պատճառով, որ գործող միջազգային իրավունքը թույլ չի տալիս ուժի կիրառում ցանկացած պետության նկատմամբ՝ լինի ճանաչված, լինի դա ՄԱԿ-ի անդամ, թե ոչ անդամ»,- այս մասին այսօր Արցախի հարցով հրավիարծ համաժողովում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Ըստ նրա՝ Արցախի Հանրապետությունն իր հռչակման օրվանից մինչեւ այժմ գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, որովհետեւ միջազգային իրավունքի համաձայն, անկախ տվյալ պետության ճանաչումից, անկախ այդ պետության ՄԱԿ-ի անդամ լինել կամ չլինելու հանգամանքից, այդ պետությունը գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո այն առումով, որ այդ պետության նկատմամբ իրավունք չկա կիրառել ուժ, ինչը տեղի ունեցավ Արցախի Հանրապետության պարագայում։
Վարդան Պողոսյանի խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը պետք է վկայակոչեր հենց այս դրույթները եւ իր արտաքին քաղաքականության հիմքում դներ այն մոտեցումը, որ Արցախի Հանրապետության նկատմամբ տեղի է ունեցել ագրեսիա, ուժի կիրառում, որն արգելված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Եվ քաղաքականությունը պետք է տարվեր այդ ուղղությամբ։ «Որոշակի շրջան՝ մինչեւ 2021 թվականի գարնանը, նման փորձեր կատարվեցին մեր դիվանագիտության կողմից, բայց հետագայում արդեն բոլորս տեսանք, որ Հայաստանի իշխանություններն ընդահանրապես խաչ քաշեցի եւ ինքնորոշման իրավունքի վրա, եւ ընդհանրապես հիմա չեն էլ փորձում խոսել Արցախ վերադարձի մասին»,- նշեց նա։
Վարդան Պողոսյանն ասաց, որ պատերազմից հետո, մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններն ամենաբարձր մակարդակներով վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, համապարփակ կարգավորումը պետք է իրականացվի Հայաստանին եւ Ադրբեջանին քաջ հայտնի սկզբունքների հիման վրա։
«Այսինքն՝ նույնիսկ պատերազմից հետո Մինսկի խմբի պետությունները հստակ հայտարարել են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իր իրականացման ամենաբարձր ձեւով՝ անջատման միջոցով, կիրառելի է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Եվ միայն Հայաստանի Հանրապետության ապիկար ու դավաճան իշխանությունների պատճառով է, որ այդ սկզբունքը հիմա չի հիշատակվում։ Բոլորը, նույնիսկ միջազգային տարբեր կազմակերպություններ, առանձին պետություններ խոսում են այդ մասին, հենվում են այդ փաստաթղթերի վրա, բայց ՀՀ իշխանության համար դա որեւէ նշանակություն չունի։ Հետագայում, երբ Հայաստանը կունենա ժողովրդին պատկանող իշխանություն, ինքնորոշման իրավունքը պետք է հիմք հանդիսանա Արցախի հիմնահարցի հետ կապված բոլոր բանակցային գործընթացների համար, ներառյալ արցախահայության վերադարձը Արցախ՝ միջազգային գործուն երաշխիքների ներքո»,- նշեց նա։
Ըստ Վարդան Պողոսյանի՝ սկսած 2007 թվականից, անջատման իրավունքն ուղղակիորեն ամրագրված էր Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից պատրաստված բոլոր փաստաթղթերում։ Այսինքն՝ բառացիորեն խոսքը գնում էր այն մասին, որ ԼՂ ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշելու իր քաղաքական ճակատագիրը։ Իսկ քաղաքական ճակատագիրը որոշելու իրավունքն ինքնորոշման սկզբունքի միջուկն է։