ՀՀ ԱԳՆ կոչվածը հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը Թաթարստանի մայրաքաղաք Կազանում մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի հավաքին։ Այս միավորման միջոցով Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են այսպես կոչված «գլոբալ հարավը» հակադրել Արեւմուտքին։
Միեւնույն ժամանակ, միավորման անդամ պետությունները լուրջ հակասություններ ունեն, ինչն առայժմ հնարավորություն չի տալիս իրական տնտեսական եւ քաղաքական բովանդակություն հաղորդել միավորմանը։ Այդ մասին են վկայում թեկուզ փոխադարձ առեւտրի ծավալները։ Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այս հակասությունների արդյունքում փոփոխության ենթարկվի մասնակից երկրների կազմը։
ԲՐԻԿՍ-ի անդամներ են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան, Եգիպտոսը, Արաբական միացյալ Էմիրությունները, Եթովպիան։ Անդամության հայտ են ներկայացրել Թուրքիան ու այսպես կոչված ադրբեջանը, ինչպես հայտնի է դարձել՝ միաժամանակ։
Այս վերջին հանգամանքը ուշադրության է արժանի հետեւյալ առումով։ Թուրքիայի ու այսպես կոչված ադրբեջանի հայտի մասին հայտնի դարձավ Պուտինի Բաքու կատարած այցից հետո։ Բաքվում Պուտինն ու Ալիեւը համաձայնության են եկել ռուսական նավթի ու գազի ստվերային արտահանման շուրջ, որի հիմնական հոսքերը պետք է անցնեն «Զանգեզուրի միջանցքով»։
Քննարկվել է Հայաստանի հարավի օտարման խնդիրը, այդ թվում ռազմական ճանապարհով։ ՀՀ հարավի օտարման, այն է՝ հայկական պետականության վերացման միջոցով Ռուսաստանը փորձում է իրականացնել Կովկասի տարածաշրջանից իր անցնցում հեռանալու ռազմավարությունը, այն թուրքերին հանձնելու սխեմայով (1916 թ․ Վանի ստորությունից սկսած)։
Պատահական չէ, որ Պուտինի այցին հետեւեցին «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայ-ռուսական ավանդական «փոխհրաձգությունները» ԱԳՆ-ների ու այլ մակարդակներում։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ՀՀ իշխանությանը մեղադրեց 2020-ի նոյեմբերի 9-ի թղթի համապատասխան կետը սաբոտաժի ենթարկելու համար։ Նկատենք, որ ի պատասխան արված հայտարարության մեջ ՀՀ ԱԳՆ Մոսկվային չի մեղադրել նոյեմբերի 9-ի թղթի մնացած բոլոր կետերը ոչ միայն սաբոտաժի ենթարկելու, այլեւ դրանք բացահայտ խախտելու մեջ։
ՀՀ ԱԳՆ չի նշել, որ Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը չի գործում, Արցախի բնիկ մեծամասնությունը արտաքսվել է, ռուս «խաղաղապահները» հեռացել են ժամկետից շուտ եւ այլն։ ՀՀ ԱԳՆ չի պահանջել վերացնել այդ խախտումները՝ նոյեմբերի 9-ի թղթի՝ հաղորդակցությունների կետի քննարկմանը վերադառնալու համար։
Պարզ է, թե ինչու․ Հայաստանի պետականության վերացման այս քայլերն արվում են պաշտոնական Երեւանի համաձայնությամբ եւ առաջնորդությամբ, քանի որ այլ կերպ դա հնարավոր չէր լինի։ Հայ-ռուսական ավանդական «փոխհրաձգությունները» աչքակապության համար են, ինչպես «Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք, միջանցք չլինի», «միջանցքի գործարկումն իրականացնելու են մասնավոր կառույցները» եւ այս կարգի այլ թշնամական թեզերը։
Հայաստանի պետականության վերացման ծրագիրը, որի մի բաղադրիչն է ընդամենը «Զանգեզուրի միջանցքը», իրականացնելու անհրաժեշտ պայմանը Արցախի խնդրի «փակումն» էր եւ բնիկ մեծամասնության արտաքսումը։ Հայաստանի միջազգային քաղաքական սուբյեկտության միակ, ընդգծենք՝ միակ պայմանը Արցախի խնդիրն էր եւ, որքան էլ ցավալի լինի «Արցախից հազիվ պրծած» շրջանակների համար՝ է։
Եթե սա չի ընկալվում, առավել եւս դժվար է ընկալել այն հանգամանքը, որ ԲՐԻԿՍ-ը կարող է իրական բովանդակություն ստանալ այդ թվում ՀՀ հարավի օտարման դեպքում։
Տարածաշրջանից միջանցքի գլխավոր շահառուի՝ Ռուսաստանի անցնցում հեռանալու ռազմավարությունը, որը տեղի է ունենում ՀՀ պետականության վերացման միջոցով, ընդունվել է բոլորի կողմից։ Պատճառը՝ հայությունը քպ-ական դրածո կառավարության գլխավորությամբ հավաքական առումով իր հավանությունն է տվել այս ծրագրերին։
Քաղաքական շրջանակները եւ մեդիան սպասարկում են այս ընթացքը։ «Արեւմտամետ» կառավարությունը շարունակում է ամուր պահել ռուսական զորքերը, որոնց միակ գործառույթն այս ծրագրերի օպերատիվ երաշխավորումն է։
Արամ Եգանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: