Ի՞նչ կլիներ սեպտեմբերի 19-ին, եթե սեպտեմբերի 9-ին “հեղաշրջում” չլիներ

  • 08:55 09.09.2024

Ազատ, բայց ոչ արդար. հիմնականում այսպես են բնութագրվել բոլոր ընտրություններն Արցախում: Թերեւս միակ բացառություն կարելի է համարել 2004թ. Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, երբ մինչեւ վերջին օրը բոլորը համոզված էին, որ իշխանական թեկնածու Պավել Նաջարյանն է ընտրվելու: Սակայն, շատերի համար անակնկալ քաղաքապետ ընտրվեց ընդդիմության թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը:

Շատերը կհիշեն Բակո Սահակյանի առաջադրվելը. «Մեր թեկնածուն արդեն որոշված է, մենք մեր զեմլյակին ենք ընտրելու», հրապուրված էին շատերը Հադրութում, «հաստատ ինքն է լինելու՝ եթե 100 տոկոսով չէ, ապա 98-99 տոկոսով համոզված ենք», երկու երիտասարդ ասել են Անահիտ Դանիելյանին: Բակո Սահակյանի ի հայտ գալը Պուտինի հայտնվելն է հիշեցնում. КГБ-ից անհայտ մի անձ գալիս եւ հայտարարում է իր առաջադրվելու մասին:

Շատերը կհիշեն Բակո Սահակյանի եւ Մասիս Մայիլյանի ընտրարշավը: Գաղտնիք ասած չեն լինի, որ Մայիլյանի դեմ գործի էր դրվել ամբողջ վարչական ռեսուրսը: Գաղտնիք ասած չենք լինի նաեւ, որ նույն մարտավարությունը շարունակել է Արայիկ Հարությունյանը. ցուցակներ, զանգեր, վարկեր, “գիտենք, տղադ որ չաստումա ծառայում”, ծանոթ-բարեկամներ եւ այլն…

Թող պարսավանք չընկալվի Սահակյան եւ Հարությունյան անձերի դեմ, առավել եւս հաշվի առնելով նրանց գտնվելու վայրն այսօր: Գուցե, կամ հաստատ այս ամենը անորոշ կարգավիճակով պետություն լինելու հետեւանքն էր: Հնարավոր չէր ֆիզիկական մի մեկուսացված տարածքում ապրել եւ զարգանալ՝ ամեն ինչից կտրված: Նմանակելով՝ Արցախում ստեղծվել են պետական բոլոր ինստիտուտները, նախարարությունները, սակայն դրանց պատասխանատվությունը եւ իրավասությունները լավ էլ չափազանցված էին, բացառությամբ բանակի, ԱԻՆ-ի ու ոստիկանության: Արցախը հարյուրավոր աշխատակիցներով գյուղատնտեսության նախարարություն է ունեցել, սակայն բլոկադայի առաջին իսկ  շաբաթը շուկայում անգամ մեկ գազար չկար:

«Ես համոզված եմ, որ Իսպանիան աշխարհի ամենահզոր երկիրն է։ Դարեր շարունակ փորձում է ոչնչացնել ինքն իրեն, սակայն ոչ մի կերպ դա չի հաջողվում», կարդալով Բիսմարկի այս ֆռազն, ասում ես ո՛չ, սա Արցախի (ու Հայաստանի) մասին պետք է ասվեր:

Իսկ ամենատարօրինակն՝ Արցախի «վերջին» նախագահական ընտրություններն էին:

Ուժայինները հավաքվել էին ԱԺ դռների մոտ, Սամվել Բաբայանը հրապարակի մի ծերից մյուսն էր քայլում, նրա աջակիցները բարձրախոսով ելույթի էին պատրաստվում:

Մառախլապատ մի օր էր, 2023թ. սեպտեմբերի 9-ին միակ թեկնածու Սամվել Շահրամանյանին ընտրեցին Արցախի նախագահ: 10 օրով։

Հիմա այդ իրադարձությունները տարբեր կերպ են “ընթերցվում”․ ՀՀ իշխանությունները դա անվանում են հեղաշրջում, թեկուզ Արայիկ Հարությունյանը, կարծես, ինքնակամ է հրաժարական տվել։ Այն էլ՝ ամենապատասխանատու պահին։ Ասում են, որ Շահրամանյանը եկել է, որ Արցախը հանձնի։

Հայաստանի իշխանությունները չեն ասում, թե ինչպիսի՞ օր կլիներ սեպտեմբերի 19-ը, եթե “հեղաշրջում” չլիներ։ Կլիներ բաղձալի “ինտեգրո՞ւմ՝ առանց արյունահոսության”, 120 հազ․ հոգու պատանդությամբ եւ ռուս-թուրքական “խաղաղության” հաղթանակո՞վ։

Երբեւէ այս հարցի պատասխանը կտրվի։

Մարութ Վանյան