Քաշաթաղի 12-րդ դարի խաչքարը․ որպես սեղան է օգտագործվել եւ պահպանվել

  • 17:13 09.09.2024

«Ես՝ Իւա|նէ, կան|գնե[ցի] | զխաչ|ս ի բար|եխոս եղ|բաւր իմո|յ Վարհա|մայ, ով զմ|եզ կրոնա|վորեալ կա|տարեցա|վ ի ճանա|պահր | յԵրո(ւ)սաղ|եմի, յիշ|եցայք | ի Ք(րիստո)ս: | Ա(ստուա)ծ ողո(ր)մ[ի] | կազ(մ)ողին»:

Իվանեն յուր եղբոր՝ Վարհամի հիշատակը հավերժացնող սույն գիրը թողել է 1197 թվականին կերտված մի գեղաքանդակ խաչքարի վրա, նաև որպես բարեխոսություն ու պատգամ, որ հետագա սերունդները հիշեն ու ողորմի տան։ Խաչքարն էլ պետք է հաղթահարեր ժամանակի փորձությունները ու ասելիքը հասցներ 21-րդ դար։

Այս ինքնատիպ խաչքարը հայտնաբերվել է Քարվաճառի շրջանում, 1993 թվականի ազատագրումից հետո վեր հառնած, Շահումյանի շրջանի Բրաջուր անունը ժառանգած, Նոր Բրաջուր գյուղի շրջակայքում։  Դժբախտաբար գյուղի տարածքում պատմամշակութային ամբողջական հուշարձաններ չեն պահպանվել, որովհետև, դեռ 18-րդ դարում այստեղ հաստատված խաշնարածները, ովքեր հետագայում դարձան ադրբեջանցի, դրանք ոչնչացրել էին դեռ խորհդային տարիներին, բեկորատելով օգտագործել զանազան շինարարական նպատակներով։ Կոնկրետ այս խաչքարը հայտնաբերվել է Նոր Բրաջուրի ձախափնյա թաղամասում, որը շրջված դիրքով օգտագործվել է իբրև սեղան, ինչն էլ պատճառ է հանդիսացել նրա ամբողջական մնալուն։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հավաստմամբ՝ խաչքարն ինքնատիպ է գրչության ձեռագրային առանձնահատկություններով․ «Այստեղ տեղին է նշել, որ սույն խաչքարի կողին առկա արձանագրության գրչաոճը հար և նման է Դադի վանքում գտնվող 1182 թ. կերտված Հասան Վախտանգյանի հանրահայտ խաչքարի հյուսիսային կողի պատգամ-արձանագրությանը: Սրանով կարելի է ասել՝ բացահայտվում է այն, որ, ի դեմս գրչագրության «ձեռագրային» խնդրո առարկա տեսակի, փաստորեն մենք գործ ունենք զարգացած միջնադարում առնվազն Արցախում տարածում գտած արձանագրությունների փորագրման ձեռագրային տարբերակի հետ։ Այն, ի դեպ, կիրառվել է նաև ուշ միջնադարում (համեմատե՛լ Կուսանաց վանքի ածխագիր հիշատակագրությունների հետ)»:

Դեռ 12-րդ դարում կանգնեցված այս խաչքարը, մեր ազգային հիշողության մի յուրօրինակ կրիչ է, որը հավաստում է, թե ադրբեջանցի հորջորջվող ժողովուրդը Քարվաճառի տեղն իսկ չգիտեր, երբ այնտեղ ապրում ու արարում էր բնիկ հայ ժողովուրդը։ Եվ այս քարե վկաների դերը հասկանալով է, որ Ադրբեջանի բռնակալ Ալիևը, պատերազմելով հայ ինքնության դեմ, թիրախավորում է հենց այս հիշողությունը։

Արմինե Հայրապետյան