Սեպտեմբերի 6-ին գումարվեց «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի (Europeans for Artsakh) առցանց հանդիպումն Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Հոլանդիայի, Հունաստանի, Չեխիայի, Բելգիայի, Բուլղարիայի և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայացուցչական մարմինների մասնակցությամբ:
Օրակարգի առանցքային կետը Բաքվում կայանալիք COP 29-ին ընդառաջ ի նպաստ արցախահայության տարված քարոզչական և քաղաքական աշխատանքների քննարկումն էր:
ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից COP 29-ի ուղղությամբ կատարված և առաջիկա աշխատանքները ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Մարիաննա Վարդանյանը զեկուցեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերում կատարված արշավի մասին։
Ժողովի մասնակիցները վերահաստատեցին՝ չափազանց կարևոր է զորաշարժի ենթարկել եվրոպահայության ողջ ներուժը՝ Ադրբեջանի վրա մեծ ճնշում գործադրելու համար, հետևեալ նպատակներով՝
– Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և բոլոր գերիներերի ազատ արձակում,
– Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի շուրջ արտաքին քաղաքական զորակցության ապահովում և Բաքվի վրա համապատասխան միջազգային ճնշում,
– Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման ցեղասպան քաղաքականության դատապարտում,
– Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի հեռացում․
– Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության կարևորում։
Ժողովը նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 76 պատգամավորներին անցանկալի անձերի ցուցակում ներառելու որոշմանը: Ժողովի մասնակիցները դատապարտեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այդ քայլը և զորավիգ են կանգնում այդ պատգամավորներին:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: