«Միասին» շարժումն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր անում՝ բարձրացնելով Ադրբեջանից բռնի տեղահանված հայ բնակչության իրավունքների հարցը։ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Գարդմանի եւ այլ բնակավայրերի հայերը պահանջում են ապահովել իրենց վերադարձի իրավունքը։
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Որեւէ փախստական, որեւէ բռնի տեղահանված երբեւիցե չի կորցնում երկու իրավունք՝ վերադարձի իրավունք, երբ ապահովվի անվտանգ բնակությունն իրենց նախկին բնակավայրերում, եւ երկրորդը՝ սեփականության իրավունքը։ Բռնի տեղահանված հայերը՝ սկսած 1988 թվականից չեն ստացել մի լումա իրենց թողած սեփականության համար»։
Ալավերդյանն ասաց, որ Ադրբեջանի քարոզչությունը հիմնված է այլասերված թեզերի վրա։ Նա հիշեցրեց, որ հայերին Ադրբեջանից բռնի տեղահանել են սպանություններով ու դաժան վերաբերմունքով։ Իսկ Հայաստանից գնացած ադրբեջանցիների գրեթե 95 տոկոսը փոխանակել կամ վաճառել են իրենց բնակարանները, հիմա ո՞ւր պետք է վերադառնան։
«Երբ Ալիեւը խոսում է վերադարձի մասին, նա անում է երկու կոպիտ այլասերում։ Առաջինը, դա հակադրում է արցախահայերի հարցի հետ, որոնց ցեղասպանական բռնի ձեւով դուրս են մղել Արցախից։ Դա անհավասար փոխանակում է։ Երկրորդը, ադրբեջանցիներն ամեն անգամ պետք է ապացուցեն՝ արդյոք իրենք իրենց կամքին հակառա՞կ են լքել Հայաստանը։ Ես այն մարդն եմ, որը հանդիպել է ադրբեջանցիների հետ, որոնք լացելով լքում էին Սյունիքի շրջանը։ Սիսիանի հայերն ուղղակի նրանց փեշերից բռնած՝ թույլ չէին տալիս, որպեսզի ադրբեջանցիները լքեին Հայաստանը։ Ես հարցրեցի՝ ինչո՞ւ եք գնում, իրենք, ցույց տալով Ադրբեջանի կողմը, ասում էին՝ մեզ ասել են։ Այսինքն՝ դա կազմակերպված գործընթաց էր, որն այսօր պետք է օգտագործվեր ու օգտագործվում է որպես հավասարության նշան այն ամենի, ինչ եղել է Ադրբեջանում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը գործել է եւ գործում է միջազգային հանցագործություններ։ Դա նաեւ պետական մակարդակով արձանագրել են մի քանի պետություններ։ «Մինչեւ Հայաստանը չպահանջի, որ Ադրբեջանը պատժվի միջազգային իրավունքի համաձայն, մնացած բոլոր խոսքերը սեպուկլյացիա են։ Ասում են՝ չենք կարող պահանջել, որ մեր տարածքներից դուրս գան պատերազմով։ Կներեք, դա քաղաքական անմեղսունակության դրսեւորում է։ Հանցագործը պետք է պատժվի։ Վաղը Օկամպոն գալիս է՝ ուղղակի կոչ անելով, որ հայերը պարտավոր են տեր կանգնել իրենց իրավունքներին։ Եվ հստակ պետք է նշենք, թե ինչ հանցագործություններ է գործել Ադրբեջանը հայերի դեմ։ Առաջինը՝ ցեղասպանական, այսինքն՝ մարդկության դեմ հանցագործություն։ Երկրորդը՝ մարդասիրական․ իրենց վայրենի կեցվածքը ոչ միայն ողջերի, այլեւ մարմինների հանդեպ կոչվում է մարդասիրության դեմ հանցագործություն։ Եվ երրորդը՝ ռազմական հանցագործություններ։ Այն սուտը, որ Ադրբեջանը հաղթել է հայերին, Հայաստանին, բացահայտել է Էրդողանը։ Այսինքն՝ մենք գիտենք, որ ադրբեջանական զինված ուժերը պայքարում են միայն խաղաղ բնակչության դեմ, ինչը հենց Հռոմի ստատուտի համաձայն՝ ռազմական հանցագործություն է։ Եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ստորագրել է այդ եռակողմ հայտարարությունը, նա ճանաչել է իրեն պատերազմի կողմ, թող բարի լինի 2020 թվականից մինչեւ 2023 թվականի հանցագործությունների համար Ադրբեջանի ղեկավարությունը պատժվի։ Նրանց ցուցակը Օկամպոն տվել է դեռ 2023 թվականի օգոստոսին»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: