Դադիվանքի վանական համալիրն իր ամբողջությամբ մի պահոց է, որտեղ ի մի է բերված պատմությունը, հոգևոր ընկալումները, Արցախի ճարտարապետական դպրոցը, խաչքարային արվեստը և իհարկե աշխարհիկ իշխանությունն իր զորությամբ ու աստվածավախությամբ։
Դադիվանքը բաղկացած է մի շարք կրոնական ու աշխարհիկ շինություններից, բայց ես պիտի անդրադառնամ եպիսկոպոս Սարգսի 13-րդ դարում կառուցած զանգակատանը պահվող Դադիվանքի հայտնի զույգ խաչքարերին, որոնց մասին մասնագետներն այսպես են արտահայտվել. «Իրենց նմանը չկա ոչ մի ուրիշ վանքում», «եթե նրանք նման հուշարձանների մեջ ամենալավն էլ չեն, միևնույն է՝ ավելի կատարյալը գտնելն անհնար է»… Խաչքարերն աչքի են ընկնում իրենց նրբագեղությամբ, բացառիկ զարդարվեստով և իրավացիորեն կրում են «ասեղնագործ խաչքարեր» բնորոշումը։
Ըստ ավանդույթի քարե «ժանյակների» նախշերը վերցրել են Խաչենի իշխանուհի Արզու Խաթունի գործվածքներից, ասեղնագործ վարագույրերից։ Ստացվել է նոր նուրբ գործվածք, որն այս անգամ քարից է։ Խաչքարերը, որ կարծես անձեռակերտ լինեն, տարբեր ժամանակներում գրավել են անցորդների ուշադրությունը ու պատահական չէ, որ նախկինում մի քանի փորձ է արվել Դադիվանքի խաչքարերը տեղափոխել Եվրոպա։ Եղիշե ավագ քահանա Գեղամյանցն իր Ուղեգնացական ակնարկներում գրում է, որ «․․․ երկու անգլիացի ճանապարհորդք մի քանի տարի առաջ 10,000 մաէթով կամեցել են գնել յիշեալ խաչքարերը, բայց հոգևոր իշխանությունը չի համաձայնել»։
Յ․ Յուզբաշյանցը «Նոր Դար» թերթում 1892 թվականին տպագրված հոդվածում գրել է, որ 1887-1890 թթ. երկու ֆրանսիացի ճանապարհորդներ տեսնելով խաչքարերը դիմել են գերապատիվ Առաջնորդին, որ վերջինս փողով ծախե, ասում են, որ նրանք մտադիր էին Ֆրանսիա ուղարկել, բայց Սրբազանը մերժել է։ 1901 թվականին նույն առաջարկն արել է մեկ այլ ֆրանսիացի և դարձյալ մերժվել:
Ինչպես իրավացիորեն նշում է երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը, հարկ է երախտիքի խոսք ասել եկեղեցու այն պատասխանատուների հիշատակին, ովքեր չեն գայթակղվել և նպաստել են, որ ազգային արժեքները մնան իրենց ծննդավայրում։
Ցավոք այսօր մեր ազգային արժեհամակարգը վտանգավոր ճաքեր է տվել, իսկ գերված Դադիվանքը վտանգված է։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: