«ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունենք տարածքային պահանջներ: Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 քառակուսի կմ, բայց ՀՀ կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև կարծում ենք՝ Ադրբեջանի հետ ստորագրված կանոնակարգը սահմանազատման աշխատանքների վերաբերյալ հնարավորություն է տալիս և հավանական է, որ բանակցային կերպով կարողանանք այդ խնդիրը լուծել»,- այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ Փաշինյանը մի քանի գրառումների միջոցով «լսեցնել է տվել», որ կարևորը՝ «մեծ տարածքով պետությունը չէ», այլ խաղաղությունը։
Տարածքը խաղաղությանը եւ բարեկեցությանը հակադրելը՝ Փաշինյանի քաղաքական հերթական մանիպուլյացիան է։ Նա կոչ է անում մոռանալ «պատմականի», տարածքի, Արցախի, Նախիջեւանի մասին․ ի տարբերություն միջազգային խաղացողների, որոնք խոսում են «ադրբեջանը Նախիջեւանի հետ կապելու» մասին, Փաշինյանը չգիտես ինչի հիման վրա Նախիջեւանը ադրբեջան է անվանում։
Նման կոնցեպտը Փաշինյանը որպես «առաջատար» եւ «ժողովրդավար» է ներկայացնում, կարծես չնկատելով, թե ինչպես են եւ տարածք, եւ ժողովրդավարություն, եւ բարեկեցություն ունեցող երկրների ղեկավարները ծիծաղում քթի տակ։ Ինչպես որ ծափահարում են ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների քամինգ-աութին, որ հետո նրանց մատով ցույց տան։
Ինչպե՞ս է ստացվում, որ Ալիեւի՝ զրոյից տարածքն ունենալու ձգտումը «օրինական է եւ կիրթ», իսկ Հայաստանի ձգտումը պահպանել իր տարածքը՝ հետադեմ եւ «աշխարհի համար անհասկանալի»։
Մինչեւ Փաշինյանը ուրանում է Արցախը հանուն «խաղաղության», Ալիեւը պնդում է, որ Արցախը՝ Հայաստանի մաս է ըստ Սահմանադրության, եւ դա չի ժխտում որեւէ “առաջադեմ” երկիր կամ ատյան։ Ոչ ոք չի ասել՝ Ալիեւը սխալ է, իսկ Փաշինյանը՝ ճիշտ, եւ Արցախը Հայաստան չէ։ Հակառակը, ՀՀ Սահմանադրությունը ոչ ոք չի ստիպում փոխել /իսկ ամերիկյան Սենատում դա նույնիսկ ծիծաղելի են համարում/։
Այնպես որ, Ալիեւը ճիշտ է՝ Արցախը Հայաստանի մասն է, եւ այն հիմա օկուպացված է։ Կխոսի դրա մասին Փաշինյանը թե ոչ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: