Ի՞նչն է միացրել Նվերին, Արթուրին, Արտյոմին ու Հարութին։ Հադրո՞ւթը, Արցա՞խը, թե՞ երաժշտությունը։ Բայց էականը երևի դա չէ։ Կարևորն այն է, որ նրանք հիմա միասին են։ Հայրենիքի կորստի ցավը տղաներին մի հասցեում հավաքեց՝ մի սենյակում։ «Նրանք պատահական կամ գուցե ճակատագրով հայտնվեցին միևնույն ստուդիայում»,- ասում է Տաթևիկը, ով նկատել ու վավերագրական ֆիլմ է նկարել արցախցի տաղանդավոր տղաների մասին։
Նրանք բենդ դառնալու նպատակ ունեն, բայց մինչ այդ ստիպված են աշխատել այլ տեղերում` օրվա հացը վաստակելու համար, երաժշտությունը նրանց կյանքում շարունակում է մնալ զուտ ինքնաարտահայտման հնարավորություն, իսկ բոլոր ձայնագրված երգերը՝ ինտուզիազմի արդյունք։
«Երաժշտությունը պարզապես սիրած զբաղմունք չէ, այլ նաև իրենց ասելիքը, սրտի եղածը մարդկանց հասցնելու ձև, նրանք երգի միջոցով են փորձում հաղթահարել այն ամենը, ինչն իրենց ներսում կատարվում է»,- ասում է Տաթևիկ Խաչատրյանը։
Բավական երկար ժամանակ է, ինչ Տաթևիկը նկատել է տղաներին։ Երկար է մտածել, թե ինչպես կարելի է անդրադառնալ նրանց գործին՝ շարունակ ուսումնասիրելով նրանց գործունեությունը։ Հետո հասկացել է՝ իսկ ինչո՞ւ ոչ ինքը, եթե այդքան կարևորում է տղաների գործունեությունը:
«Ցավից ոմանք կոտրվում են, ոմանք էլ՝ չարանում, մարդիկ էլ կան՝ ստեղծում են լավն ու բարին։ Երգերի միջոցով նրանք ոչ միայն կիսվում են իրենց ապրումներով, այլև իրենց հորդորն են անում, պատմում իրենց երգարվեստը սիրողներին դիմադրելու սեփական բանաձևի մասին»։
Տաթևիկի կարծիքով՝ դժվար է պատերազմի միջով անցնել, տառապանք ու ցավ տեսնել, կյանքի ուղիղ կեսն անցկացնել խրամատում և չկորցնել ստեղծագործելու կամքն ու մոտիվացիան, բայց ֆիլմի հերոսներից Նվերի մոտ դա ստացվել է:
Նվերն ամուսնացած է, երխաներ ունի, երազում է զբաղվել միայն սիրելի գործով, բայց որակյալ երաժշտությունն ու կոմերցիան Հայաստանում հազվադեպ են զուգակցվում, ուստի Նվերը շատ հաճախ ստուդիայի դուռը փակում է, նստում մեքենան և միացնում տաքսի ծառայության հավելվածը, որովհետև երգերը երգերով, բայց տան վարձն ամեն ամսվա վերջ վճարել է պետք:
Մյուս հերոսը՝ Հարութը, ընտանիքի միակ զավակն է ու միակ աշխատողը, նրանք Աբովյանում են ապրում և մյուս շուշեցի ու հադրութեցի բռնատեղահանվածների պես պետության կողմից տրվող 40+10հազար աջակցություններից չեն օգտվում. «Դա է պատճառը, որ նա հաճախ չի կարողանում վայելել իրենց ընկերությունը, ստուդիայի միջավայրը»։
«Արտյոմը «Հայի Գեն» ստուդիայի հոգին է ու կես հաստիքով՝ ընկերների հոգեբանը»,- կատակում է Տաթևիկը։ Նա տիրապետում է համարյա բոլոր երաժշտական գործիքներին, որի շնորհիվ էլ ընկերների կողմից ստացել է մարդ-երգչախումբ «տիտղոսը»։ Արտյոմը ևս այլ աշխատանք ունի։ Նա ամենօրյա ռեժիմով աշխատանքից ստուդիա շտապողների շարքում է։
Ֆիլմի հաջորդ հերոսը Արթուր Խաչենցն է։ Նա իրենց քառյակում միակն է, ով զբաղվում է բացառապես ստեղծագործելով։ Խաչենցին ճանաչում ու սիրում են շատերը, ուստի ֆիլմը նկարահանելիս մյուսների չափ նրան բացահայտելու խնդիր Տաթևիկն իր արջև չէր դրել։
«Սենյակ #Հադրութ»-ը նաև շատ ամուր ընկերության մասին է։ Իրար ձեռք մեկնելու համար տղաներն ամեն ինչ անում են՝ վստահեցնում է ֆիլմի հեղինակը. «Այդքան շատ ասելիք ունենալով հանդերձ՝ տղաները շատ համեստ են, բացարձակ հարգանքով ու կարեկցանքով մարդիկ են»։
Ֆիլմը նկարահանվել է Մեդիանախաձեռնությունների կենտրոնի ծրագրի շրջանակներում։ Նկարահանման ժամանակ չլուծվող խնդիրների չեն բախվել. «Առավելագույն հաճույք ենք ստացել նկարահանումներից՝ միջավայրը, դեկորացիան, մարդիկ, լրիվ ուրիշ միջավայր էր այնտեղ, գնում ես ու չես ուզում հեռանալ»,- ասում է ֆիլմի հեղինակ Տաթևիկ Խաչատրյանը։
Ֆիլմը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=5eiddWke7rM
Ասպրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: