Մենք շարունակելու ենք մեր պայքարը, պնդելով միջազգային հանրությանը՝ հարգելու մեր իրավունքները

  • 22:30 06.08.2023

Ժամանակին ադրբեջանական կողմի հետ կար երկխոսությունը, երբ հարգվում էր մեր արժանապատվությունը, ինչ-որ տեղ հասկանում էին, որ ունենք իրավունքներ։ Այս մասին Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Նախկին այդ հանդիպումները, իհարկե, միայն սոցիալական և ենթակառուցվածքային բնույթ էին կրում և կար երկխոսություն, արդյունք էլ կար, բայց սկսած դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փոխել է իր վարքագիծը. ուղղակի երկխոսությունը և հարգանքի մթնոլորտում զրույցները տեղափոխել է ճնշման, այսօր արդեն նաև ցեղասպանության եզրին կանգնած իրավիճակ: Մենք այն ժամանակ ունեինք ազատ տեղաշարժ Հայաստանի և հնարավորություն ուղղակի շփվելու միջազգային հանրության հետ՝ ոչ թե հեռախոսով, այլ ունենալով այցելություններ, կազմակերպելով հանդիպումներ: Ուստի մենք պետք է վերականգնենք հենց այդ ձևաչափը, որից հետո կարող է լինեն իրական երկխոսություն կամ բանակցություններ», – նշել է ԱՀ նախագահը։

Նրա խոսքով՝ կարծես միջազգային լուռ համաձայնություն կա, որպեսզի Արցախին թողնեն Ադրբեջանի հետ մեն մենակ, որը կօգտագործի ճնշման մեթոդներ:

«Ցանկացած երկխոսություն, հանդիպում պետք է առաջին հերթին իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի։ Այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար ցանկացած հանդիպում չի կարող լինել երկխոսություն: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, պնդելով միջազգային հանրությանը՝ հարգելու մեր իրավունքները և այդ առումով դեռ կա լուրջ գործիքակազմ»,- ասել նախագահը՝ հայտնելով, որ առաջիկա օրերին հատուկ կոչ-ուղերձով դիմելու է միջազգային հանրությանը, դերակատարներին՝ կոնկրետ առաջարկությամբ ու պահանջներով, քանի որ, երբ որ դրդում են Ադրբեջանի հետ երկխոսության, ապա պետք է ստեղծեն այդ պայմաններ: