44 օր․ երբ Արցախը դեռ կար

Վեց տարի առաջ այս օրերին Արցախում պատերազմ էր

Բոլոր պատերազմներն են սարսափելի, բայց այս պատերազմն իր դաժանությամբ առանձնահատուկ էր։ Արցախն ու արցախցին կռվում էին միայնակ՝ աշխարհի քար լռության ներքո։ Սահմանում 18-20 տարեկան զինվորն էր, նրա կողքին՝ սպան, կամավորականը, աշխարհազորայինը, ոստիկանն ու հատուկ ծառայությունների ծառայողը։ Նրանց կողքին էին Մայր Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից Արցախ հասած հայերը։ Իսկ նրանց բոլորի թիկունքում՝ մի ամբողջ ժողովուրդ էր՝ բուժաշխատողների մեծ բանակի գլխավորությամբ:

Վեց տարի առաջ Արցախը դեռ կար։ Արցախցին դեռ իր հողի վրա էր։ Եվ մենք դեռ հավատում էինք, որ հաղթելու ենք։

Ասկերանում շատ մարդիկ արդեն հեռացել էին։ Կանայք, երեխաներն ու ծերերը տարհանվել էին Հայաստան։ Շատերը չէին ուզում գնալ, բայց մնալը գնալով ավելի վտանգավոր էր դառնում։ Այնուամենայնիվ, շատերս մնացինք։

Պատսպարվել էինք Ասկերանի շենքերից մեկի նկուղում։ Ավելի քան 60 մարդ էր այնտեղ․ մարդիկ, որոնք չէին ցանկանում հեռանալ քաղաքից։ Կային տարեցներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, կանայք, որոնց ամուսինները դիրքերում էին, և մայրեր, որոնց որդիներն էին կռվում։

44 օր շարունակ մենք միասին էինք։ Դա մի մեծ ընտանիք էր։ Իրար հետ հաց էինք կիսում, իրար հետ սպասում լուրերի, իրար հետ լսում էինք հրետակոծությունների ձայները և իրարից փորձում ուժ գտնել։ Մենք դեռ հույս ունեինք․․․ Օրերն անցնում էին, բայց պատերազմը չէր ավարտվում։

Առավոտյան կանայք դուրս էին գալիս ապաստարաններից, գնում իրենց տները, աշխատում տնամերձ հողամասերում, հավաքում բերքն ու բարիքը։ Երեկոյան վերադառնում էին՝ փորձելով հասցնել մինչև գիշերային ռմբակոծությունները։

Աշուն էր՝ բերքահավաքի բուռն շրջան։ Եվ որքան էլ տարօրինակ է, այն օրերի աշունը շատ տաք էր։ Ասես բնությունն էլ էր փորձում արևի ջերմությամբ մի փոքր փարատել մարդկանց ցավը։ Բայց գիշերները սարսափելի էին, իսկ լուսաբացները՝ ավելի սարսափելի։

Հրետակոծությունների ձայների տակ մայրերը գետնին ծնկած՝ Աստծուն էին աղերսում իրենց որդիների փրկության համար։

Ժամերով նայում էին ծխացող Ակնայի ուղղությամբ։ Հաշվում էին զարկերը՝ փորձելով կռահել՝ որն է մերը, որը՝ թշնամունը։ Ամեն մի պայթյունի հետ հառաչում էին։ Փորձում էին չլացել։ Երբ ռմբակոծությունները դադարում էին, թեկուզ մի կարճ ժամանակով, մարդիկ փորձում էին կատակել, ժպտալ, սովորական կյանքի պատրանք ստեղծել։

Մեզ հետ կային նաև Արցախյան առաջին պատերազմի վետերաններ։ Մարդիկ, որոնք արդեն մեկ անգամ անցել էին պատերազմի միջով և ստիպված էին նորից դիմակայել։

Ցավոք, նրանցից ոմանք այսօր մեզ հետ չեն։

Թիկունքն էլ էր կռվում

Ասկերանում մի քանի հացի փուռեր աշխատում էին օրուգիշեր։

Էրիկի և Մհերի հացի արտադրամասերը հաց էին մատակարարում բնակչությանը և զինվորներին։ Կանայք օգնում էին այդ աշխատանքներում։

Մարդիկ ինչ ունեին՝ հավաքում էին, ուղարկում դիրքեր։ Որ զինվորը զգա իր թիկունքը, որ իմանա՝ սպասում են իր վերադարձին։

44 օր շարունակ առաջնագիծն ու թիկունքը միասին էին

Զինվորը կռվում էր իր դիրքում, մայրը՝ իր սպասումով, հացթուխը՝ իր աշխատանքով, գյուղացին՝ իր հողը մշակելով։

Յուրաքանչյուրն իր տեղում անում էր այն, ինչ կարող էր։ Եվ այդ օրերին մենք, գուցե չգիտակցելով, զինվորին մի կարևոր բան էինք ասում․ «Մենք այստեղ ենք։ Դու մենակ չես»։

Հետո ընկնում էին գյուղերը՝ մեր հազարամյա գյուղերը։ Թշնամին օրեցօր մոտենում էր։ Վերին ենթաշրջանն արդեն ընկել էր։ Հեռվից լսվում էին ռմբակոծությունների ձայները։

Թշնամին մոտենում էր Շուշիին։ Նոյեմբերի 6-ն էր

Եվ հնչեց հրահանգը՝ ամբողջությամբ տարհանել Ասկերանում մնացած բնակչությանը։ Այդ պահին հասկացանք, որ Արցախի գլխավերևում կուտակված սև ամպերը վատագույնն են կանխորոշում։ Քաղաքապետարանը մեքենաներ ուղարկեց։ Երեկոյան մոտ էր։ Հանկարծ անձրև սկսվեց։ Այնպիսի զգացողություն էր, ասես երկինքն էլ էր լացում մեզ հետ։

Մեքենաները շրջում էին ապաստարաններով ու Ղլիժբաղ թաղամասով։ Մարդիկ լացելով էին նստում մեքենաները։ Չէին ուզում հեռանալ։ Տղամարդիկ մնացին Ասկերանում։ Մեզ ճանապարհելիս խոստանում էին՝ «Շուտով կվերադառնաք»։ Մենք հավատում էինք։ Ճանապարհվեցինք դեպի Մարտակերտի շրջանի Վանք գյուղը։ Մեր ավտոբուսի վարորդը Գրիշան էր։ Ավտոբուսում կանայք ու ծերեր էին։ Տղամարդիկ մնացել էին Ասկերանում։ Ճանապարհը լի էր տարհանվող մարդկանցով։ Մեքենաների շարասյան սկիզբն ու վերջը չէին երևում։ Գիշերով հասանք Վանք, բայց ազատ տուն չկար։ Շարժվեցինք դեպի Շահմասուր։ Այնտեղ մեզ դիմավորեցին համայնքի ղեկավարն ու մի քանի համագյուղացիներ։ Մթության մեջ մեզ ուղղորդեցին տարբեր տներ։ Այդ գիշերը երկար էր՝ մղձավանջային։

Իսկ վաղ առավոտյան արթնացանք թշնամու ռմբակոծիչ ինքնաթիռի ձայներից։ «Մի՞թե ճակատագիր է»,-անցավ մտքովս։ Բայց Աստված գթասիրտ գտնվեց։

Շահմասուրում մի քանի տարեց կին ու տղամարդ էին մնացել։ Երիտասարդները անտառներում էին՝ դիրքերում։

Այդ մարդիկ մեզ այնպես ընդունեցին, որ գյուղում ապրած ընդամենը երկու օրը մինչև այսօր մնացել է հիշողությանս մեջ։

Ո՞վ գիտի՝ այսօր ողջ են նրանք, որտե՞ղ են։ Իսկ տղանե՞րը․․․ Կարողացա՞ն փրկվել 2023-ի արհավիրքից։

Նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան մի քանի հոգու հետ ճանապարհվեցինք Հայաստան։ Մի քանի ժամ անց հայտարարվեց պատերազմի ավարտի մասին։

Մինչև այսօր ինձ չեմ ներում՝ 44 օր Արցախում մնալուց հետո ինչո՞ւ լքեցի այն։ Թեկուզ հինգ օր անց վերադարձանք, բայց այդ ցավը մնաց սրտումս։ Մնաց այն զգացողությունը, որ վերջին պահին հեռացա մի տեղից, որի համար այդքան օրեր ապրեցինք, սպասեցինք, վախեցանք ու հավատացինք։

Հետո Արցախը շարունակեց ապրել։

Մինչև 2023-ի սեպտեմբերի վերջը նա փորձում էր ուղղել կորացած մեջքը։ Բայց եկավ նոր արհավիրքը։

Եվ այսօր, վեց տարի անց, երբ հիշում ենք 44 օրերի պատմությունը, ուզում եմ առաջին հերթին հիշել ոչ միայն պատերազմը, այլև այն մարդկանց, ովքեր պատերազմի օրերին մնացին Արցախում։ Նրանց, ովքեր վախենում էին, բայց չէին հեռանում, նրանց, ովքեր լացում էին, բայց շարունակում էին աշխատել, նրանց, ովքեր իրենց ունեցած վերջինն էին ուղարկում դիրքեր, նրանց, ովքեր ապաստարաններում իրար հետ հաց էին կիսում։ Այդ մարդիկ էլ էին կռվում՝ իրենց ձևով, իրենց տեղում, իրենց հնարավորությունների չափով։

Եվ այդ 44 օրերին Արցախի ժողովուրդը՝ զինվորից մինչև հացթուխ, մորից մինչև տարեց մարդ, մի ամբողջություն էր։

Մենք գուցե չկարողացանք փոխել պատերազմի ընթացքը։ Բայց մենք կարողացանք մեր զինվորին տալ մի բան, որը ոչ մի զենք չի կարող տալ՝ հավատ, որ իր հետևում ժողովուրդ կա։

Եվ այսօր, երբ հիշում ենք նրանց, ովքեր կռվեցին ու ընկան, ուզում եմ հիշել նաև բոլոր նրանց, ովքեր այդ 44 օրերին պարզապես մնացին։ Որովհետև երբ ամբողջ աշխարհը լռում էր, Արցախը չէր լռում։ Երբ սահմանում զինվորն էր կանգնած, նրա հետևում ժողովուրդն էր կանգնած։

Եվ այդ 44 օրերի ամենամեծ վկայությունն ինձ համար հենց սա է․ Արցախցին իր հողի վրա մենակ չէր թողել իր զինվորին։

Հավերժ խոնարհում զոհվածների հիշատակին։ Խոնարհում բոլոր նրանց, ովքեր կռվեցին և երախտագիտություն այն հազարավոր արցախցիներին, ովքեր 44 օր շարունակ իրենց ներկայությամբ, աշխատանքով, համառությամբ ու հավատով պահեցին թիկունքը։ 44 օր Արցախը ապրեց, կռվեց ու սպասեց․․․

Հ․Գ․

Սրանք իմ հիշողություններն ու վկայություններն են այդ 44 օրերից, բայց այս պատմությունը միայն իմը չէ․ ինձ նման բազմաթիվ կանայք ու ընտանիքներ մնացին Արցախում, ապրեցին այդ նույն օրերը և իրենց մեջ պահեցին պատերազմի մասին իրենց սեփական, երբեմն չպատմված հիշողությունները։

Թող այս վկայությունը նաև նրանց հիշողությունների մի փոքրիկ մասնիկը լինի։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ