
Կարսի պայմանագիրը չի գործում և երբեք էլ չի գործել։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
«Միջազգային իրավունքի տեսանկյունից այն կնքման պահից անօրինական է և անվավեր, որովհետև միջազգային իրավունքը՝ Վիեննայի 1969 թվականի «Միջազգային պայմանագրերի մասին» կոնվենցիան հստակ սահմանում է, որ պայմանագիրը պետությունների միջև կնքված գրավոր համաձայնագիր է, որը կարգավորվում է միջազգային օրենքով։ Երկու պայման կա՝ պետք է լինես պետություն, և չպետք է հակասի միջազգային իրավունքին։ Կնքելու պահին ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը, ոչ էլ Ադրբեջանը պետություն չեն եղել և ճանաչված չեն եղել որպես այդպիսին։ Եվ Ադրբեջանն ու Վրաստանն իրենց սահմանադրություններում դա արձանագրել են։ Դա պարզապես գործարք էր մի կողմից քեմալականների միջև, որոնք նույնպես պետություն չէին, քանի որ 1921 թվականին Թուրքիայի Հանրապետություն չկար։ Իսկ այս կողմում կար օկուպացված տարածք, և Մոսկվայի բոլշևիկները ստիպում էին հայ բոլշևիկներին ինչ-որ բաներ անել։ Կնքված պահից էլ այդ պայմանագիրն անօրինական է, հետևաբար, ուժի մեջ չէ»,- ասաց Արա Պապյանը։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների քաղաքականությանը՝ Արա Պապյանն ասաց․ «Նիկոլը, որ նարնջագույն նշանը կպցնում է կրծքին ու ման է գալիս, ոնց ինքն է ասում՝ 28,000 կամ 29,000 քառ. կմ տարածքով է Սովետական Հայաստանը, դա ինքնախաբեություն է և խաբեություն բոլորի նկատմամբ, որ իբր թե դրանով ինքը կարող է եղածն ապահովել։ Եղածը պահպանելու համար դու պետք է իսկապես միջազգային իրավունքի վրա խարսխես քո իրավունքները։ Եվ մյուս կողմից պետք է ստեղծել նոր դաշնակցային հարաբերություններ ու առանցքներ՝ երկիրը պաշտպանելու և զարգացնելու համար։ Թշնամու բարեսրտությանն ապավինելը նշանակում է կործանել երկիրը, հատկապես, եթե այդ թշնամին ահավոր մի կերպար է, ինչպես Ադրբեջանն է»,- հավելեց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների կողմից Նախիջեանի Սահմանադրությունից Կարսի և Մոսկվայի պայմանագրերին հղումը հանելու քայլին՝ Արա Պապյանն ասաց, որ սա նշանակում է՝ Ադրբեջանը գնում է ավելի կենտրոնացված կառավարման և չի ցանկանում ներքին խնդիրներ ունենալ։
«Հիշեցնենք, որ Ալիևի հորը՝ Հեյդար Ալիևին հաջողվեց գալ իշխանության, որովհետեև ինքը Նախիջևանում էր հաստատվել և իբր Նախիջևանի ինքնավրության ղեկավարն էր։ Հետո, երբ Բաքվում իրավիճակի ապակայունացավ, ինքը գնաց ու իշխանությունը գրավեց։ Այժմ որդի Ալիևը չի ուզում, որ իր ընտանիքն այդ ճակատագրին արժանանա։ Ճիշտ է, փոխնախագահ կնոջն է նշանակել, իշխանության պաշտոններին իր մարդիկ են, բայց կան լուրջ խնդիրներ։ Պատահական չէր, որ ինքը ձերբակալեց իր աշխատակազմի ղեկավարին, որովհետև, այո, կլանային պայքարը կա, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ այլ երկրներում։ Հետևաբար, ես կարծում եմ՝ այս փոփոխություններն ինքն արեց առաջին հերքին ներքին անվտանգություն ապահովելու համար»,- նշեց Պապյանը։
Ի՞նչ անելիք ունի հայկական կողմը Նախիջևանի հարցով։ Անդրադառնալով այս հարցին՝ Արա Պապյանը հիշեցրեց, որ Ազգային ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել Տիգրանաշենի վերաբերյալ։ Դրանում հստակ ասվել է, որ ըստ ադրբեջանական պատկերացման՝ Տիգրանաշենը Նախիջևանի մաս է։ Բայց քանի որ Նախիջևանն ինքնին Հայաստանի մաս է, հետևաբար, Տիգրանաշենը չի կարող լինել Ադրբեջանի մաս, երբ նրա մայր միավոր Նախիջևանը Հայաստանի մաս է։ «Բա ինչո՞ւ է Նախիջևանի ինքնավարություն ստեղծվել, կարո՞ղ է Ադրբեջանի կազմում ադրբեջանական ինքնավարություն էր, ոչ։ Դա հայկական ինքնավարություն էր Ադրբեջանի կազմում, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզն էր հայկական ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Այստեղ պետք է մի բան հասկանալ՝ հայկական և ադրբեջանական ՍՍՀ-ները դրանք բոլորը մաս էին կազմում ԽՍՀՄ-ին, դրանք պետություններ չէին։ Այդ ո՞նց եղավ, որ ԽՍՀՄ կազմում եղած մի վարչական միավորը դարձավ պետություն, իրավունքներ ունի, իսկ մյուս վարչական միավորներն իրավունք չունե՞ն»,- նշեց նա։
«Ես բազմիցս եմ ասեմ, որ մենք ստիպված ենք լինելու ի վերջո վերադառնալ 1918-1920 թվականների իրավիճակին, որովհետև Ադրբեջանը դրան է տանում։ Ադրբեջանը նաև կեղծում է այդ ժամանակահատվածը և իր այդ թվականի հավակնություններն ու նկրտումները ներկայացնում է որպես միջազգային իրավունքի կայացված որոշումներ և ամբողջ Հայաստանի նկատմամբ իրավունքների մասին է խոսում։ Դրա դեմ պայքարելու համար առաջին հերթին պետք է ունենալ դաշնակցային հարաբերություններ, հզոր տնտեսություն ու բանակ, բայց նաև անպայման համապատասխան իրավական փաթեթ պետք է պատրաստել, որովհետև մենք դրան բախվեու ենք մոտ ապագայում։ Ի դեպ, ես դրանով զբաղվում եմ, այդ փաթեթը պատրաստում եմ»,- հավելեց Պապյանը։
Ռոզա Հովհաննիսյան