Սոցիալական ծաղր. մահացողների հաշվին կենսաթոշակները կբարձրացնեն 1000 դրամով

Վերջին տարիներին Հայաստանում բնակարանների գները կրկնապատկվել են, ինչը նշանակում է, որ տանտերերը կրկնակի հարստացել են, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ “բացատրելով”, որ գնաճը, ըստ էության, սոցիալական նախագիծ է, որը նպատակ ունի հարստացնել սեփականություն ունեցողներին: Իսկ կառավարությունը, որը աջակցում է նման սոցիալական նախագծին, արժանի է աշխատավարձի առնվազն կրկնապատկման:

Փաշինյանը չի հիշատակել նրանց, ովքեր սեփականություն չունեն, հատկապես՝ արցախցիներին, որոնց համար Փաշինյանի կառավարությունը սահմանել է բնակարանի գնման վկայական՝ մեկ անձի համար 3-5 միլիոն դրամի չափով: Սակայն, ըստ նրա, բնակարանների գները կրկնապատկվել են, և այժմ միայն կառավարության անդամները կամ օտարերկրացիները կարող են բնակարան գնել Հայաստանում:

Կառավարությունը մտադիր է մինչև մարտ ամիսը երկարաձգել 30,000 դրամ բնակվարձի փոխհատուցումը Արցախի հատկապես խոցելի բնակիչներին, որից հետո նրանք ևս երկու ամիս կվճարեն 15,000 դրամ, իսկ հետո վերջ: Իսկ այդ ընթացքում տանտերերը, որոնց Փաշինյանը խրախուսում է ավելի հարստանալ, բարձրացրել են վարձավճարը:

Ինչպես երևում է, սոցիալական ապահովության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ծաղրական հայտարարված կենսաթոշակի 1000 դրամով, նախատեսված է գնաճը մեղմելու համար: Նա ասաց, որ մեռածների հուղարկավորության նպաստները կկտրեն, իսկ կենդանի մնացածների կենսաթոշակները կբարձրանան 1000 դրամով։

Պարզվում է, որ հուղարկավորության նպաստ ստացողների թվի փոփոխությունը, ենթադրաբար, կհանգեցնի մոտավորապես 4.3-4.4 միլիարդ դրամի “խնայողության”։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է մոտավորապես 5.6 միլիարդ դրամ հատկացնել կենսաթոշակների և նպաստների բարձրացմանը։ Այսինքն, մի բան էլ կառավարությունը ավելացնում է։

Նախարարության պաշտոնյա Անահիտ Գալստյանի խոսքով՝ նվազագույն կենսաթոշակի 46000-ից մինչև 47000 դրամի բարձրացումը նպատակ ունի «ապահովել կենսաթոշակների և նվազագույն սպառողական զամբյուղի հարաբերակցությունը»։ Նա հավելեց, որ 2025 թվականի չորրորդ եռամսյակի հաշվարկներով՝ միջին կենսաթոշակի և նվազագույն սպառողական զամբյուղի հարաբերակցությունը մոտենում էր 99 տոկոսի։

Հիմա Արսեն Թորոսյանին տվեք 50,000 դրամ և առաջարկեք նրան ապահովել իրեն «նվազագույն սպառողական զամբյուղով», որը, ոգեշնչված Փաշինյանի հայտարարած «սոցիալական գնաճով», ամեն օր աճում է։