ВВС
Իսրայելի բանակի հրամանատար Հերցի Հալևին ասել է, որ երկրի զինված ուժերը պատրաստվում են հնարավոր ցամաքային ներխուժմանը Լիբանան։
Ռազմաբազա կատարած այցի ժամանակ Հալևին ասել է, որ երկրի օդուժը կշարունակի հարվածներ հասցնել Լիբանանի սահմանին և ավելի հեռավոր շրջաններին՝ ճանապարհ հարթելու ցամաքային ներխուժման համար, որը թույլ կտա հյուսիսային Իսրայելի բնակիչներին վերադառնալ իրենց տները՝ չվախենալով «Հեզբոլլահի» սպառնալիքից:
Լիբանանի տրանսպորտի նախարար Ալի Համիեն, ով ներկայացնում է Հեզբոլլահի քաղաքական թեւը, ասել է, որ նման ներխուժումը իսրայելական զինվորականների համար «զբոսանք» չի լինի:
Համատեղ հայտարարության մեջ 11 երկրներ և Եվրամիությունը կոչ են արել Իսրայելին և Հեզբոլլահին եռշաբաթյա զինադադար հայտարարել և այս ընթացքում փորձել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ ընդունված հայտարարության մեջ, որին մասնակցել են աշխարհի երկրների մեծ մասի ղեկավարները, ասվում է, որ Իսրայելի և Հեզբոլլահի միջև մարտերը սպառնում են սրվել ողջ տարածաշրջանում, ինչը չի բխում ոչ մեկի շահերից:
Հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը և Եվրամիությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առանձին հայտարարություն են արել խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին՝ քննարկելով մերձավորարևելյան հակամարտության նոր փուլը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպմանը։
Բայդենն ու Մակրոնը հայտարարեցին, որ վերջին օրերին իրենք աշխատել են համատեղ, բազմակողմ հայտարարության վրա, որը կոչ է անում զինադադարի։
Մինչ այս Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու Լիբանանում տիրող իրավիճակը։
«Լիբանանը անդունդի եզրին է. Լիբանանի ժողովուրդը, Իսրայելի ժողովուրդը և ողջ աշխարհը չեն կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա հերթական Գազա»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: