Փաշինյանը չի ասել, թե ինչ հիմքով են հանձնվել հայկական տարածքները

Ինչ իրավական հիմքով են հանձնվել Շուռնուխի, Կիրանցի հատվածներում Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները. եթե չկա այդպիսի իրավական հիմք, հիմա նոր այս կանոնակարգով է ստեղծվում այդ հիմքը, ապա ձեր գործողությունն ինչպես կբնութագրեք՝ հանցագործությո՞ւն, ապաշնորհությո՞ւն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Փաշինյանի խոսքով, այո՛, ՀՀ տարածքներից  ավելի քան 200 քկմ տարածք օկուպացված է, բայց նաեւ ասում ենք, որ ռազմական ճանապարհով դրանք վերադարձնելու խնդիր չենք դնում, քանի որ այդ կանոնակարգը ստեղծում է հնարավորություն, որ իրավական, դիվանագիտական, բանակցային ճանապարհով այդ խնդիրը լուծվի:

Անդրադառնալով նրան, որ Կիրանցի եւ Շուռնուխի մի շարք բնակիչներ անգամ սեփականության վկայականներ են ունեցել, սակայն այդ տարածքները տրվել են Ադրբեջանին, վարչապետն ասաց. «Մենք ասել ենք, որ պետք է հասկանանք, թե ինչ հիմքեր ունեն այդ սեփականության վկայականները: Մենք այդ հիմքերը չենք գտել, եւ այդ սեփականության գնահատականներ տալու առիթը ուղարկված է իրավապահ մարմիններին, թե ոնց է, որ իրավական հիմքը չկա, բայց վկայականը կա:

Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց, թե ի՞նչ հիմքով են հանձնվել հայկական տարածքները, ինչպե՞ս է որոշվել, որ հողերն են մերը եւ իրենցը, եթե բառացիորեն մի քանի օր առաջ Սահմանադրական դատարանը հաստատել է, որ Հայաստանը “սահմաններ չունի”։