Կյանքը փորձությունների շարան է։ Ամեն օր մենք խաչվում ենք մարդկանց հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կյանքի պատմությունը։ Որոշ մարդիկ, բախվելով դժվարություններին, անմիջապես հուսահատվում են, իսկ ոմանք, չնայած խոչընդոտներին և դժվարին փորձություններին, վստահորեն առաջ են շարժվում:
Վառ օրինակ է Ռուզաննա Սարգսյանը։ Ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Նա ունի լուրջ ախտորոշում։ Ռուզաննան իր ողջ մանկությունը մոր հետ անցկացրել է Հայաստանի և արտերկրի տարբեր բուժհաստատություններում՝ բուժման օպտիմալ մեթոդների որոնման հույսով, բայց, ցավոք, արդյունքներն այնքան էլ լավ չեն։
Չնայած հիվանդությանը և ֆիզիկական սահմանափակումներին, Ռուզաննան երբեք չի կորցրել հավատը։ Անգամ ինտենսիվ հրետակոծության ժամանակ, գտնվելով նկուղում, նա մխիթարում էր բոլորին՝ հույս սերմանելով։
44-օրյա պատերազմի ժամանակ նա շատ էր անհանգստանում առաջնագծում գտնվող իր եղբայրների համար։ Բայց Ռուզաննայի համար պատերազմը վերջին փորձությունը չէր. դրան հետևեց 9-ամսյա շրջափակումը, որի ընթացքում նա շարունակեց ապրել և հավատալ պայծառ ապագային։
2023 թվականի սեպտեմբերին հույսերը մի ակնթարթում փլուզվեցին։ Մեկօրյա պատերազմի արդյունքում Ռուզաննան ընտանիքով Արցախի ողջ բնակչության պես բռնեց տեղահանության ճանապարհը։ Մի քանի օր մեքենայի հետևի նստատեղին պառկած՝ նա անցավ դժոխքի ճանապարհը։
Այժմ Ռուզաննան ընտանիքի հետ ապրում է Երեւանում՝ վարձով բնակարանում։ Նա հաճախ է տխրությամբ հիշում հայրենի Ստեփանակերտը և երազում վերադառնալու մասին։
Նրան հաճախ են այցելում Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնի աշխատակիցները և ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն։
Հուսանք, որ Ք.Քոքսի Վերականգնողական կենտրոնը շուտով կվերաբացի իր դռները Երևանում, որպեսզի Ռուզաննան և մյուս հիվանդները կարողանան շարունակել վերականգնողական գործընթացը։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: