Պատասխանելով Անդրանիկ Քոչարյանին

  • 15:56 05.10.2024

Ստեփանակերտ, 2020 թ․ հոկտեմբեր

Բաքուն վերջին օրերին ևս մեկ պահանջ դրեց Երևանի առջև՝ «պատժել ռազմական հանցագործներին»։ Բաքուն պնդում է, թե «Հայաստանը թաքցնում է ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների մասին տեղեկությունը»։

Հայաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողվի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձում է․

«Ո՞վ է որոշում, թե ինքնապաշտպանություն իրականացրած ինքնապաշտպանական ուժերը հանցագործություն է, թե՞ ինքնապաշտպանություն է։ Ի՞նչ հանցագործներ, իսկ այն հանցագործները, որոնք գտնվում են այնտեղ, և եթե հանցագործությունների մասին ենք խոսում, դա պետք է ստանա իր ապացույցները, որովհետև ինչի՞ց սկսվեց պատերազմը, դրա պատասխանը ոչ մեկը չի կարող չէ մինչև հիմա տալ»։

Այո, պարոն Քոչարյան, հենց այստեղ է թաղված շան գլուխը․ Հայաստանի ոչ մի կառավարություն, այդ թվում ներկայիս իշխանությունները չեն ասել, Արցախում այս 35 տարվա մեջ ինչ է կատարվել՝ ինքնապաշտպանությո՞ւն, հանցագործությո՞ւն, թե՞ ինքնորոշման իրավունքի իրացում հազարամյա հայկական հողում։

Հայաստանն այդպես էլ չդիմեց միջազգային դատարան՝ Սումգաիթի, Գանձակի /Կիրովաբադ/, Մարաղայի ցեղասպանական դեպքերի հետ կապված հայցերով։ Իսկ ներկայիս իշխանությունները ոչ միայն չեն դատապարտել Ալիեւի ռեժիմի հանցագործությունները Արցախում եւ Հայաստանի այլ շրջաններում, այլեւ ամեն օր առիթ են տալիս Բաքվին պնդելու, որ Հայաստանը օկուպացրել է Ղարաբաղը։  Ղարաբաղը Հայաստանի վզով փաթաթած թոկ է, Ղարաբաղը՝ Հայաստան չէ, Հայաստանի բանակը հանել ենք Արցախից, արցախցիները չեն կռվել, կամավոր են դուրս եկել, թեկուզ նրանց առաջարկվուն էր ինտեգրվել։ Այսքանից հետո Ալիեւի տեղ ով էլ լինի, ավելին կուզենա։

Այնպես որ, պարոն Քոչարյան, սպասում ենք 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության հանձնաժողովի զեկույցին։ Գոնե այնտեղ քաղաքական գնահատական կհնչի՞։

Նորերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020թ․ պատերազմը «սցենարով էր» իրականացվում, եւ նա այնքան բան գիտի, որ իրավապահները չգիտեն։

Ի՞նչ գիտի Փաշինյանը, որ իրավապահներին չի ասում։ Եւ եթե պատերազմը «սցենանարով էր», այսինքն կանխավ արդյունքով՝ Հայաստանի իշխանությունների կամքին հակառակ, ապա ինչո՞ւ հիմա Փաշինյանը չի զրոյացնում դրա արդյունքները եւ չի հրաժարցում նոյեմբերի 9-ի հայտարրաության տակ իր ստորագրությունից։

Ի միջայլոց, Բաքվի վերլուծաբանները ասում են, որ եթե Փաշինյանը պնդում է, իբր Ղարաբաղը Հայաստան չէ /թեկուզ ՀՀ Սահմանադրությունը այլ բան է ասում/, ապա ստացվում է, որ նոյեմբերի 9-ին, հայտարարելով Ղարաբաղից ՀՀ ԶՈւ-ն հանելու մասին, Փաշինյանը ճանաչել է Ղարաբաղի օկուպացիան Հայաստանի կողմից։ Բաքվում են ասում։ Եւ, բնականաբար, պահանջումպատժել մեղավորներին։

f