Արցախցիները սպասում են ԱԳՆ պատասխանին

  • 14:58 24.10.2024

«Սպասում ենք Արտաքին գործերի նախարարության պատասխանին, մեր հետագա քայլերը կախված են լինելու իրենց պատասխանից։ Այդ պատասխանից հետո կորոշենք, թե ինչ ենք անելու»,- step1am-ի հետ զրույցում ասաց արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը։

Հիշեցնեն, որ արցախցիները հոկտեմբերի 21-ին ակցիա էին արել ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցել Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ուղղված դիմումի պատճենը։

Արթուր Օսիպյանն ասաց, որ ընթացքի մեջ է նաեւ տարբեր երկրների դեսպանատներ դիմելու գործընթացը։ «Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին նամակ ենք գրել, ԱՄՆ դեսպանատուն արդեն այցելել ենք եւ պատրաստվում ենք մնացած դեսպանատներ էլ այցելել»,- նշեց նա։

Արարատ Միրզոյանին ուղղված նամակով Արցախի ՀԿ-ները հիշեցնում են, որ որ Հայաստանի Հանրապետությունը բավարար իրավունքներ և պարտավորություններ ունի Արցախի Հանրապետության քաղաքացիների հավաքական ու անհատական հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում ընդունված փաստաթղթերում: Ինչպես նաեւ պահանջ են ներկայացնում, որ ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան ՀՀ ԱԳՆ-ից, Արթուր Օսիպյանը պատասխանեց «Հավանաբար սվաղելու են, ինչ-որ մի պատասխան են տալու, որը մեզ համար ընդունելի չի լինելու։ Եվ մենք ըստ դրա մեր քայլերն ենք անելու»։

Ռոզա Հովհաննիսյան

f