Պետք չէ պատմություն դարձնել, ճիշտը ոստիկանությանը սպասելն էր․ Փաշինյան

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներն ասացին, որ Սյունիքում ադրբեջանցու ներխուժումից հետո վախ կա բնակչության շրջանում, օրինակ, տեղեկություններ ունեն, որ Շաքիի բնակիչները վախենում են իրենց երեխաների անվտանգության համար։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աշխարհում չկա սահման, որտեղ ապօրինի հատումներ չլինեն։ «Էս ի՞նչ լաց ու կոծ ա, ես չեմ հասկանում»,- հարցադրում արեց Փաշինյանը։

Պատգամավորների հարցերին, թե ադրեջանցի հանցագործը պատիժը Հայաստանո՞ւմ է կրելու, Փաշինյանը պատասխանեց․ «Գործը պիտի քննվի, ուղարկվի դատարան, դատարանը պիտի վճիռ կայացնի։ Եվ պատժի կրումը, առնվազն մի մասը պետք է տեղի ունենան ՀՀ-ում։ Ի՞նչն է խնդիրը։ Իմ ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցված այդ փաստի առիթով, եւ Ադրբեջանի դատախազությունն արդեն հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ արձանագրելով, որ իրենց զինվորն ինքնակամ լքել է ծառայության վայրը»։

ԱԺ պատգամավոր Արեգա Հովսեփյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին․ «Հնարավո՞ր է, որ շուտով հանդես գաք՝ ինչ-որ չափով նաեւ դատապարտելով ՀՀ քաղաքացի, Շաքիի բնակիչ Անի Ավետիսյանին, ով հերոսաբար եւ անձնազոհաբար պաշտպանում էր իր երեխաներին»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մայրական բնազդն ամեն ինչից ուժեղ է, բայց, երբ զանգում են ոստիկանություն, ուրեմն պետք է սպասել ոստիկանության գործողություններին։ «Դա կրիմինալ մի միջադեպ է, ՀՀ-ում ցավոք ամեն օր լինում են այդպիսի կրիմինալ միջադեպեր։ ՀՀ-ում բազմաթիվ անձինք կան դատապատված սահմանի ապօրինի հատման համար»,- ասաց նա։

Արեգա Հովսեփյանն արձագանքեց․ «Սիրելի ժողովուրդ, արձանագրենք, որ վարչապետը փաստացի ասում է, որ Անի Ավետիսյանը ոչ թե պետք է տրվեր մայրական բնազդին՝ պաշտպանելով իր երեխաներին, այլ պետք է զանգեր ոստիկանություն»։

«Հայաստանի քաղաքացին ոչ թե պիտի զանգեր ոստիկանություն, այլ զանգած է եղել ոստիկանություն։ Տունը, որտեղ ադրբեջանցի զինվորը մտել է, մարդիկ այդտեղ առնվազն բացակա են եղել մի քանի օր։ Հետո երեխաները եկել են, տեսել, որ տանն օտար մարդ կա, զանգել են, մայրիկին ասել են, որ տանը օտար մարդ կա։ Մայրիկը զանգել է ոստիկանություն, բայց փաստն այն է, որ մայրիկն ավելի շուտ է տուն հասել։ Պետք չէ պատմություն դարձնել, դա սովորական կրիմինալ իրավիճակ է։ Եվ եթե ոստիկանության գալուն սպասեին, մեծ հավանականությամբ ոչ մի բան բացարձակապես տեղի չէր ունենա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։