Չտեսություն, նախանձ եւ ագահություն․ դա՞ է գաղափարախոսությունը

  • 12:01 30.10.2024

2023-ի ամռանը, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինին հարցրել են, արդյո՞ք նա պատկերացնում է ղարաբաղցիների կյանքը Ադրբեջանի կազմում, նա ասել է՝ այո, նրանք կարող են երջանիկ ընտանեական կյանքով ապրել։

Հիմա նույն բանը ՀՀ ամբողջ բնակչության հանդեպ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Նա “բարեկեցության” նոր հայեցակարգ է ներկայացրել, կոչ անելով հարստանալ եւ հարստանալ։ Այդ կոչը չի վերաբերվում նրանց, ովքեր չեն ուզում կամ էլ իվիճակի չեն հարստանալ․ կորն ուղղված այն մարդկանց, որոնց կյանքի իմաստը հարստանալն է եւ հարուստների խմբին դասվելն է։

Յուրաքանչյուր քաղաքացու ապագան փոխկապակցված է ՀՀ համընդհանուր բարեկեցության հետ, ու եթե կա լայնածավալ թշվառություն եւ աղքատություն, հատվածական բարեկեցությունը առաջնային թիրախ է եւ աչքի փուշ: Այդ դեպքում ատելություն է ձեւավորվում ցանկացած բարեկեցիկ միջավայրի նկատմամբ, ասել է Փաշինյանը:

Նա ասել է, որ ըստ նոր գաղափարախոսության, պետությունը պետք է ապահովի մարդկանց ոչ թե յոլա գնալու, այլ հարստանալու հնարավորությունը։ Աշխատեք, հարստացեք, թշվարների համար աչքի փուշ դարձեք, ասում է նա։ Իսկ եթե մեզ չեք ընդունում, ուրեմն նախանձում եք։

Ցանկացած գաղափարախոսություն հեղինակի անձնական եւ խմբային ձգտումների, երազանքների, երջանկության չափանիշների արտացոլում է։ Այն տիպաժը եւ խումբը, որը ներկայացնում է Փաշինյանը, հարստության միջոցով ինքնահաստատվելու կարիք ունի։ Շվեյցարական ժամացույցը թույլ է տալիս մուտք գործել բարձր դասի շրջապատ, վայելել ինչ-որ հաճույքներ։ Ու չհասկանալ, որ մարդկանց մեծամասնության համար ամենամեծ հաճույքը՝ ոչ թե հարստոթյունն է, այլ երջանկությունը։

Մարդկանց հիմնական մասը չի ուզում հարստանալ, այլ ուզում է վաստակել այնքան, որ իր հարմարավետ տան մեջ երեկոյան ընտանիքի անդամների հետ թեյ խմի, կիրակի օրերին գնա հարազատների մոտ գյուղ, ընկերներով ձկնորսության գնա, մեկ-մեկ շոփինգ անի, ամառը մի տեղ հանգստանա, հարեւանին էլ ոչ թե նախանձի, այլ ուրախանա նրանց երջանկությամբ։

Նման երջանկություն ուզում են նրանք, ովքեր գիտեն, թե դա ինչ է՝ չտես չեն։ Եւ պետությունը միայն մեկ գործառույթ ունի՝ թույլ չտա, որ նման երջանկությանը խանգարեն ներքին եւ արտաքին վտանգները, որ մարդկանց տունը չվերցնեն, չքանդեն եւ չզրկեն երջանիկ ապրելու հնարավորությունից։ Չէ որ դժվար է երջանիկ լինել, երբ տունդ ձերքիցդ խլում են, եւ պետությունը դրան չի հակազդում։

Երեկ Ֆրանսիայի դեսպանն գնացել է Ներքին Հանդ եւ հանդիպել մարդկանց հետ, որոնց հարազատների գերեզմանները պետության թերացման պատճառով հայտնվել են թշնամու կողմում։ «Սյունիքի մարզի ներքինհանդցի այս ամուսիններն այլևս չեն կարող այցելել իրենց որդու գերեզման, քանի որ Ադրբեջանը գրավել է գյուղի գերեզմանատունը»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկար․

«Ադրբեջանի կողմից Հայաստանի ամբողջական հատվածների շարունակական օկուպացիան նաև մարդկային ողբերգություն է»,- գրել է դեսպանը։

Հարուստ Ֆրանսիայում լավ գիտեն հողի արժեքը։

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս Ներքին Հանդի եւ մնացած բնակիչներին հարստանալ եւ դրանով երջանիկ լինել։ Օկուպացվածը չենք վերադարձնի ռազմական ուժով, սահմանազատումն էլ թշնամու օգտին կլինի, ինչպես Կիրանցում, ասում են իշխանությունները։

Հողը, այն կողմում մնացած գերեզմանները կարեւոր չեն, պետք է ոչնչի առաջ չկանգնել, անխնա հարստանալ, սա է գլխավոր նպատակը։

f