Շվեդ էկոլոգիական ակտիվիստ Գրետա Թունբերգը նոյեմբերի 12-ին ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Բաքվում անցկացվող COP29-ի դեմ միջոցառումներին: Ակտիվիստը ժամանել է Թբիլիսիից, հայ-վրացական սահմանին նրան դիմավորել են հայ էկոակտիվիստներ, ինչպես նաև իրավապաշտպան ակտիվիստներ, «Կովկասյան հանգույցի» թղթակցին տեղեկացրել է ակտիվիստ Շուշանիկ Հարությունյանը՝ նրանցից մեկը, ով դիմավորել է էկոակտիվիստին:
Նրա խոսքով, այս շաբաթ Հայաստանում նախատեսվում է պանելային քննարկում «Ադրբեջանական ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և էկոլոգիայի ոլորտներում» թեմայով, ինչպես նաև բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց:
Գրետա Թունբերգը բոյկոտում է COP29-ը՝ այն Բաքվում անցկացնելու որոշման պատճառով, նշել է Հարությունյանը: «Փոխարենը նա նախընտրեց համերաշխությունը Հայաստանի հետ», — ասել է ակտիվիստը։
Նոյեմբերի 11-ին, COP29-ի բացման օրը, Գրետա Թունբերգը Թբիլիսիում կազմակերպեց ակցիա, որի ընթացքում հայտարարեց, որ «կլիմայական արդարությունը անհնար է առանց սոցիալական արդարություն»։
«Այս բողոքը ուղղված է Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի դեմ, մասնավորապես կլիմայի փոփոխության համաժողովի դեմ, ինչպես նաև ողջ Կովկասի տարածաշրջանում արդարության և ժողովրդավարության համար», — մեջբերում է Թունբերգի խոսքերը գործակալությունը։
Meydan TV-ին տված մեկնաբանության մեջ Գրետա Թունբերգն ավելացրել է, որ Ադրբեջանը «COP29-ը հյուրընկալում է՝ սեփական ժողովրդի դեմ հանցագործությունները, հայերի էթնիկ զտումները լեգիտիմացնելու, ինչպես նաև հանածո վառելիքի արտադրությունն ու արտահանումը շարունակելու համար»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: