Աշխարհը տուռբուլենտ փուլում է, և գործնականում անհնար է կանխատեսել, թե ինչպես կավարտվի այս կամ այն աշխարհաքաղաքական և տարածաշրջային կարևորությոուն ունեցող գործընթացը:
Այո, կան նոր ստեղծվող աշխարհակարգի մի քանի ստրատեգիական պատկերներ, որոնց եզրակացությանը կարելի է զգուշավոր տրամաբանությամբ հասնել: Դրանցից է` Ռուսաստանի պարտությունը և Իրան – ԱՄՆ հարաբերությունների նորմալացումը, բայց նոր աշխարհակարգի, նշածս պատկերի և այլ տեսական պատկերների իրագործման գործընթացում մարտավարական փոփոխություններ կարող են տեղի ունենալ և՛ մի, և՛ հակառակ ուղղությամբ:
Մերձավոր Արևելքում անկայունությունը, դրա հիման վրա ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճը, Վրաստանում ռուսամետ իշխանության վերընտրվելը, ռուսական զորքերի առաջխաղացումը Ուկրայինայում, և վերջապես Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում փաստում են, որ այս փուլում հարաբերական կոչված «դեմոկրատական ուժերը» պարտվում են:
Հաշվի առնելով այն, որ եթե Ռուսաստանը հաղթի, ողջ Եվրոպան կհայտնվի վտանգի տակ և պատերազմի շեմին։ Իմանալով նաև, որ եթե Իրանում քաղաքական փոփոխություններ տեղի չունենան, և եթե Իրանը չփոխի իր հարաբերություններն Արևմուտքի հետ, ապա չինական Մետաքսի ճանապարհ տանող ուղիի այլընտրանք ճանապարհը (Հնդկաստանից Իրանով և Հայաստանով դեպի Եվրոպա) վտանգի տակ կլինի` կարելի է շատ զուսպ կանխատեսել, որ Արևմուտքը թույլ չի՛ տա Ռուսաստանը հաղթի և դեռ կպայքարի Իրանի համար:
Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է բերել նրան, որ Եվրոպան կկայանա որպես անկախ ռազմաքաղաքական միավոր` նվազացնելով իր կախվածությունը ԱՄՆ-ից:
Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է բերել նաև նրան, որ Իսրայելին կարող է տրվի Իրանի դեմ կոշտ գործողությունների քարտ-բլանշ, ինչը կարող է հանգեցնել քաոսի բուն Իրանում և հնարավոր ռեժիմի փոփոխության Թեհրանում։ Տվյալ գործընթացների ընթացքը լի է մեծ վտանգներով Հայաստանի համար, սպառնալիք՝ մեծ պատերազմի և երկրի ինքնիշխանության կորստի: Ես հուսով եմ, որ կդիմադրենք և կդիմանանք: Բայց Իրանում քաղաքական փոփոխությունների արդյունքում Արևմուտքը մուտք կունենա տարածաշրջան՝ լուծելով ռուսամետ վարչակարգերի հարցը ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։
Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է բերել նաև նրան, որ ԱՄՆ դիրքորոշումը Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ լինի, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի Չինաստանի աջակցության թուլացմանը Ռուսաստանին։
Թրամփը խոստանում է իջեցնել նավթի գները. համաշխարհային շուկայում գներն իջեցնելու համար ԱՄՆ-ն պետք է մեծացնի իր արդյունահանումը և համաձայնեցման բանակցություններ վարի այլ խոշոր նավթային երկրների հետ: Սա կարող է շատ ծանր հարված հասցնել ռուսական տնտեսությանը և արդյունքում՝ ռուսական ռազմական մեքենային:
Թրամփի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ միանշանակ չէ. մի կողմից՝ բարեկամական հարաբերություններ բռնապետական ռեժիմների հետ, մյուս կողմից, առնվազն առաջին հայացքից, նրա դրական քաղաքականությունը ավանդական և քրիստոնեական արժեհամակարգի նկատմամբ։ Թրամփի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ կձևավորվի նաև Հայաստանի հաջորդ ազգային կառավարության արտաքին քաղաքականությունից ելնելով: Փաշինյանական ռեժիմից դրական սպասելիքներ չկան, այն ռուս-թուրքական պակտի մի մասն է:
Թրամփը կարող է Պուտինին խաղաղության ծրագիր առաջարկել Ուկրաինայի հաշվին: Բայց Ուկրաինան դա չընդունի, և եթե Պուտինը հրաժարվի և չընդունի այս խաղաղության ծրագիրը, Թրամփը կարող է քարտ բլանշ տալ Ուկրաինային՝ Ռուսաստանի Դաշնության խորությանը հարվածների համար։ Մյուս կողմից էլ պետք է հասկանանք, որ այս հակամարտությունը կարող է ավարտվել միայն ուկրաինական պետականության անկմամբ կամ պուտինյան ռեժիմի տապալմամբ և ուկրաինական բոլոր տարածքների ազատագրմամբ։ Ուկրաինան արդեն ապացուցել է, որ երբեք չի կորցնի իր պետականությունը։
Թրամփը կարող է բերել նոր արյուն, նոր զոհեր Ուկրայինայում, Իրանում և, ցավոք սրտի, միգուցե նաև Հայաստանում, բայց ես մեծ հույս ունեմ, որ ԱՄՆ խորքային պետությունը ի վերջո կհասկանա, որ նոր աշխարհակարգը ռուս-թուրք-չինական բևեռին թողնելով՝ ԱՄՆ-ն կկորցնի իր գերպետության դերը:
Բայց բոլոր հաշվարկներով՝ պետք է հիշել Թրամփի անկանխատեսելիությունը։ Նա կարող է հակադարձ քայլեր անել այս կամ այն ուղղությամբ: Նա կարող է 90 աստիճանով փոխել իր խոստումները և ամեն ինչ տանել հարաբերական կոչված «դեմոկրատական ուժերի» տրամագձով, ինչպես նաև կարող է համաձայնության գալ բռնապետերի հետ: Նա պոպուլիստ է, և սա է նրա գլխավոր վտանգը առաջիկա 4 տարում։ Հուսանք, որ ԱՄՆ-ը Թրամփը չէ, և խորքային պետությունը (deep state) հասկանում է ԱՄՆ-ի գերիշխող դերը համաշխարհային քաղաքական ասպարեզում և նրա կարևորությունը ԱՄՆ-ի համար:
Անկախ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներից՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը միայն մեկ նպատակ ունեն՝ սուբյեկտ դառնալ: Ապագայում կանգնելու համար այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Ուկրաինան, Իսրայելը, Թայվանը և, ինչու չէ, այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան։
Ժողովրդին սուբյեկտացնելու, և Փաշինյանի գլխավորած ռուս-թուրքական համակարգը տապալելու համար անհրաժեշտ է համախմբած հասարակություն: Սա պահանջում է բոլոր առողջ քաղաքական անհատականությունների միավորում՝ ռուս-թուրքական համակարգից ազատագրվելու նպատակով։ Պետք է բոլոր տարաձայնությունները մի կողմ դնել և համախմբվել հստակ գաղափարնների շուրջ: Այդպիսի գաղափար կարող է լինել 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մերժումը:
Համախմբվել, բանակցել և սպասել հարմար պահի՝ լինի դա Մոսկվայի քաոսը, Հայաստանի վրա նոր արտաքին ագրեսիայի սցենար, արտահերթ ընտրություններ և հետընտրական գործընթացներ:
Նիկոլի համակարգի տապալումից, և ազգային իշխանությունների ձևավորումից հետո կլինե՛ն և՛ դաշնակիցներ, և՛ արտաքին աջակցություն և՛, իհարկե, կլինեն նոր հաղթանակներ:
Միայն ինքնիշխանության ձգտող ժողովրդին են աջակցում: Միայն իր շահերի համար պայքարող պետությանն են աջակցում: Իր իրավունքներից հրաժարվողները օգտագործվում են որպես սակարկության միջոց․ աֆղանները մեզ օրինակ:
Եթե նույնիսկ ողջ աշխարհը մեջքով շրջվի դեպի մեզ՝ մենք պե՛տք է կռվենք: Եթե պայքարենք, կլինե՛ն հզոր դաշնակիցներ: Իմաստություն մեզ և ողջամտություն:
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: