Ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցն է

  • 12:33 07.12.2024

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 36 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Սպիտակի երկրաշարժը պատկանում է, այսպես կոչված, լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազարը, զոհերի թիվը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս հասավ նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին: