Վերադարձ առանց «չափելի» երաշխիքների․ ինչո՞ւ են արտերկրում հաստատված արցախցիները նախընտրում Հայաստանը

Արցախի բռնի տեղահանումից հետո տասնյակ հազարավոր ընտանիքներ կանգնեցին ոչ միայն կորսված հայրենիքի ցավի, այլև գոյատևման ու ապագայի կառուցման բարդ ընտրության առջև։ Շատերի համար Հայաստանում սոցիալական ու բնակարանային խնդիրների անորոշությունը պատճառ դարձավ արտագաղթի․ առաջնային ուղղությունը, ինչպես նախկինում, Ռուսաստանի Դաշնությունն էր։ Սակայն արտերկրում տնտեսական կայունություն գտած որոշ ընտանիքներ, որոշ ժամանակ անց, նորից ընտրում են Հայաստան վերադարձի ճանապարհը։

Նրանց պատմությունները ցույց են տալիս, որ մարդկային որոշումները միշտ չէ, որ պայմանավորված են սոսկ նյութական հաշվարկներով։

«Նյութական ապահովվածությունը չէր փոխարինում տարիների ջերմությանը»․ Ա․Ա․-ի պատմությունը

Ա․Ա․-ի ընտանիքը Ռուսաստանի Դաշնություն էր տեղափոխվել 2024 թվականին։ Ծնողների և փոքր եղբոր հետ սկզբնական շրջանում ապրել են հարազատի տանը, ապա վարձակալել առանձին բնակարան։ Մոտ մեկ տարվա ընթացքում ընտանիքի բոլոր 4 անդամներն էլ գտել էին աշխատանք․ ֆինանսական, տնտեսական կամ բնակարանային սուր խնդիրներ չկային, կյանքը մտել էր բնականոն հունի մեջ։

Այդուհանդերձ, մեկ տարի անց ընտանիքը որոշեց թողնել կայացած կենցաղն ու վերադառնալ Հայաստան։ Որոշման հիմքում մի քանի առանցքային գործոններ էին․

Մարդկային ու սոցիալական կապերը․ Արցախի իրենց հարազատների մեծ մասը, ընկերներն ու հարևանները Հայաստանում էին։ Արտերկրի չափելի տնտեսական ապահովվածությունը չկարողացավ փոխարինել տարիներով ձևավորված մտերմիկ միջավայրին, շփումներին ու ջերմ մարդկային հարաբերություններին։

Երկարատև ինտեգրման դժվարությունները․ Արտերկրում սեփականատեր կամ լիարժեք քաղաքացի դառնալու հեռանկարը երկարատև կտրվածքով մնում էր անորոշ ու դժվար իրագործելի։

Արժեհամակարգային ու կենցաղային տարբերությունները․ Մշակութային, արժեքային և անգամ պարզ կենցաղային անջրպետը հայկական ու ռուսական միջավայրերի միջև աստիճանաբար ավելի ակնառու էր դառնում։

Այժմ Ա․Ա․-ի ընտանիքն ապրում է Երևանում։ Այստեղ նրանք վարձակալում են բնակարան, որի վարձավճարը մի քանի անգամ գերազանցում է ՌԴ-ում իրենց վճարած գումարը։ Չնայած Հայաստանում ևս ընտանիքի 4 անդամներն աշխատում են, բնակարանային հարցը մնում է առաջնային լուծման ենթակա խնդիր։

Ընտանիքը ցանկանում է օգտվել տեղահանված արցախցիների համար պետության կողմից մշակված բնակապահովման ծրագրից, սակայն բախվում է դրա գործնական սահմանափակումներին։ Սահմանված սերտիֆիկատների արժեքով անհնար է բնակարան ձեռք բերել Երևանում կամ մայրաքաղաքամերձ բնակավայրերում։ Ընտանիքը կանգնած է երկընտրանքի առջև․ կամ տեղափոխվել այլ մարզ՝ փոխելով աշխատանքն ու զբաղվածությունը, կամ ներգրավել լրացուցիչ ֆինանսական/վարկային միջոցներ, որպեսզի կարողանան ավելացնել սերտիֆիկատի գումարին, ազատվեն ամենամսյա վարձավճարի հոգսից և ձեռք բերեն սեփական տուն։

Սեփական տունը՝ օտարության մեջ․ Բ․Բ․-ի օրինակը

Բ․Բ․-ի ընտանիքի պատմությունն այլ ընթացք ունեցավ, սակայն հանգեց նույն հանգուցալուծմանը։ Այս ընտանիքը, օգտագործելով սեփական խնայողություններն ու վարկային միջոցները, կարողացել էր Ռուսաստանի գյուղական բնակավայրերից մեկում առանձնատուն գնել։

Երեք եղբայրների ընտանիքները՝ հոր հետ միասին, շուրջ մեկ տարի ապրում էին նոր տանը, զբաղվում գյուղատնտեսությամբ և օրավարձով շինարարական աշխատանքներով։ Թվում էր, թե կեցության ու սեփականության հարցը լուծված է, սակայն ոչ նյութական գործոններն այստեղ ևս վճռորոշ գտնվեցին։

Օտար միջավայրում երեխաների ազգային կրթության ու ինքնության պահպանման մտահոգությունը, հայրենիքից կտրված լինելու զգացումն ու հարազատ միջավայրի բացակայությունը ստիպեցին վերանայել որոշումը։ Մեկ տարի անց եղբայրներից մեկն իր ընտանիքով վերադարձավ Հայաստան․ երեխաները կրկին սկսեցին հաճախել հայկական դպրոց ու մանկապարտեզ։

Ոչ չափելի գործոններն ու պետական քաղաքականության հրամայականը

Ա․Ա․-ի և Բ․Բ․-ի ընտանիքների փորձը հստակ ցույց է տալիս, որ արտագաղթի կամ վերադարձի որոշումները միշտ չէ, որ պայմանավորված են բացառապես կենցաղային կամ ֆինանսական հարմարավետությամբ։ Նյութական ապահովվածությունը կամ նույնիսկ սեփական տան առկայությունը ոչ միշտ են բավարար մարդուն հայրենիքից հեռու պահելու համար, երբ կշեռքի նժարին են դրվում ինքնությունը, լեզուն, հարազատ սոցիալական միջավայրն ու ապագայի տեսլականը։

Սակայն վերադարձած ընտանիքների կայուն հաստատումը Հայաստանում մեծապես կախված է պետական քաղաքականության արդյունավետությունից։ Բնակապահովման ընթացիկ ծրագրերը, չնայած իրենց նպատակադրմանը, հաճախ հաշվի չեն առնում շուկայական իրական գները և զբաղվածության հնարավորությունների աշխարհագրությունը։

Եթե պետական աջակցության մեխանիզմները չդառնան ավելի առաձգական և չհամապատասխանեցվեն տեղահանվածների իրական կարիքներին, հայրենիք վերադարձած ընտանիքները կարող են կրկին կանգնել սոցիալ-տնտեսական անանցանելի պատնեշների առջև։

Մարիամ Սարգսյան