«Մեծ հաշվով զինադադարի հաստատումից ի վեր բոլոր քննարկված տարբերակները՝ կլինի Մինսկի խմբի պաշտոնական առաջարկը, կլինի ընթացիկ քննարկվող ինչ-որ բան, այս կամ այն կերպ ենթադրել են Լեռնային Ղարաբաղի ընդգրկում Ադրբեջանի կազմում։ Սա անվիճարկելի փաստ է։ Թերեւս քննարկվել է միայն մեկ տարբերակ, որը դա չի ենթադրել, բայց դա էլ ենթադրել է փոխանակում Մեղրիի հետ, այսինքն՝ ՀՀ սուվերեն տարածքի ու ԼՂ փոխանակում։ Սրանք հանրահայտ բաներ են՝ առանց թղթերը հրապարակելու»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չեն հրապարակում բանակցային փաստաթղթերը։
Արարատ Միրզոյանն ասաց, որ կառավարությունում հիմա փորձում են համակարգել ու ի մի բերել բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են բանակցային գործընթացին։ «Երբեմն հանրությունը, երբ խոսում է ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի մասին, պատկերացնում են մեկ կամ մի քանի դարակ, որտեղ իրար վրա այդ թղթերը դրված են։ Այդպես չէ, այդ փաստաթղթերն իսկապես համակարգված ներկայացնելու խնդիր ունենք, մենք հիմա այդ գործընթացի մեջ ենք։ Երբ կմոտենանք այդ գործընթացի ավարտին, 10 անգամ եւս կմտածենք, թե որքանով է պատեհ եւ ոչ ռիսկային այդ փաստաթղթերի հրապարակումը եւ ըստ այդմ կվարվենք՝ կամ կասենք՝ խնդրեմ, հրամապարում ենք, կամ կասենք՝ ոչ, ոչ մի դեպքում հրապարակման ենթակա չեն»,- նշեց նա։
Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ում կան մարդիկ եւ գրասենյակներ, որոնք ունեն այդ փաստաթղթերի մի մասը․ «Առաջարկում եմ՝ իրենք էլ հրապարակեն, հլա տեսնենք՝ ինչ էր կատարվում իրենց շրջանում»։
Միրզոյանի նման խոստովանանքը խոսում է կամ դիվանագիտական հանցավոր փնթիության, կամ գործընթացի միտումնավոր ձախողման մասին։ Ի՞նչ է նշանակում՝ 6 տարի բանակցություններ ենք վարել, բայց դեռ ի մի չենք բերել նախկինում համաձայնեցված փասրաթղթերը։ Այս բոլոր ինքնախոստովանքները անպայման օգտագործվելու են դատարանում “0-ից սկսած” եւ բացասական արդյունք ստացածների դեմ։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: