Հայաստանի իշխանությունները, պարզվում է, չեն բարձրաձայնում 1990-ականներին անհետ կորածների հարցը

  • 17:08 30.01.2025

Ազգային ժողովում այսօր փակ հանդիպում է անցկացվում տարբեր տարիներին անհետ կորած զինծառայողների հարազատների հետ։ Մասնակցում են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու այլ պաշտոնյաներ։ Քննարկումն անցնում է թեժ մթնոլորտում։

«Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանը, ում որդին անհետ կորել է 1992 թվականին, փակ հանդիպումից դուրս գալով՝ լրագրողներին ասաց, որ իշխանությունները հայտարարել են՝ 1990-ական թվականներին անհետ կորածների հարցերով չեն զբաղվում։

«ԱԱԾ տնօրենն անընդհատ շեշտեց 44-օրյա պատերազմը, ես որոշեցի հարց տամ՝ արդյոք դուք զբաղվո՞ւմ եք 1990-ականների անհետ կորածներով, ի՞նչ տեղեկություններ ունեք, պարոն Աբազյանն ասաց՝ չեմ խաբի ձեզ, մենք չենք զբաղվում։ Նույնը ասել էր վարչապետը, երբ նոր էր ընտրվել, ես հարց տվեցի իրեն, ասացի՝ ի՞նչ եք անելու մեր տղաների հարցով, ինքն ասաց, որ՝ դա իմ ժամանակ չի եղել»,- ասաց անհետ կարածի մայրը։ Նա նշեց, որ ոչ մի սպասելիք չունեն այս իշխանությունից։

Հիշեցնենք, որ Ալիեւը պարբերաբար հայտարարում է, թե «4000 ադրբեջանցի անհետ կորածներ կան» եւ հայկական կողմից պահանջում է տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի մասին։ Իսկ Հայաստանի իշխանությունները, պարզվում է, չեն էլ բարձրաձայնում 1990-ականներին անհետ կորած հայերի հարցը։

Ռոզա Հովհաննիսյան

f