Մոսկվա-Բաքու հերթական սադրանքն Արցախում․ Լրագիր
«Բաքվի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել», -հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը և տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն են»-, ասված է Արցախի ՊՆ-ի հայտարարության մեջ:
Բաքուն առաջին անգամ չէ, որ ռուս «խաղաղապահներին» նման մեղադրանք է առաջադրում։ Այդ նույն պատրվակով Բաքուն փակեց Բերձորի միջանցքը։ Ռուսաստանի ՊՆ, կամ Արցախում ռուսական զորակազմի հրամանատարությունը չեն հերքել այդ տեղեկությունները, ավելին, հիմա երևի բոլորն են հասկանում, որ միջանցքը փակվել է ռուսների օպերատիվ երաշխավորությամբ։ ՌԴ ՊՆ կողմից նման տեղեկատվությունը չհերքելը նշանակում է Բաքվի պատրվակի օրինականացում։
Բաքվի այս հայտարարությունը նշանակում է, որ Մոսկվայի հետ նոր սադրանք է նախապատրաստվում, որը ինտերնետն անջատելուց հետո կարող է կապված լինել Ակնայով ճանապարհը «բացելու» հետ։ ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանը հստակ հայտարարել է իր առաջիկա ծրագրերի մասին՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացում և հայերի «ինտեգրում ազերբայդժանի օրենքների համատեքստում»։