«Ղարիբ Բաբայանի արարքում հանցագործություն առկա չէ, քրեական հետպնդում չպետք է հարուցվեր, եւ քրեական վարույթ չպետք է իրականացվի։ Իրականում պետք է պատժվեն Հանրապետության հրապարակում սադրողները, այսինքն՝ Իրանի քաղաքացիները՝ ազգությամբ ադրբեջանցիները, այլ ոչ թե այդ լկտիությանը բացասական, խրատական կամ քննադատող միտք արտահայտող անձը»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
Դավիթ Հովհաննիսյանը արցախցի դասախոս Ղարիբ Բաբայանի պաշտպաններից է։ Նա նշեց, որ նախաքննական գաղտնիքից ելնելով՝ չի կարող շատ մանրամասներ հայտնել գործի վերաբերյալ, այս փուլում համապատասխան գործողություններ են իրականացվում։
Նա ասաց, որ այս գործում քաղաքական ենթատեքստ կա Հանրապետության հրապարակում այդ անձանց հայտնվելու, «Ղարաբաղ» երգը երգելու մեջ։ Բայց Ղարիբ Բաբայանի արձագանքի տեսնակյունից քաղաքական ենթատեքստ ընդհանրապես առկա չէ։ «Եթե այդ տեսանյութը չհրապարակվեր Ղարիբ Բաբայանի կողմից եւ հրապարակվեր մեկ այլ անձի կողմից ու լայն տարածում ստանար, ինձ թվում է, դարձյալ նույն պատմությունը լինելու էր։ Այստեղ հարցն այն է, որ այդ գրառումը տեսանյութի հետ միասին շատ մեծ տարածում է ստացել, քանի որ տեսանյութը վիրավորում էր հայ մարդու արժանապատվությունը։ Այսինքն՝ ազգի մոտ էմցիոնալ ընկալում է եղել, մարդիկ հուզական են ընկալել այդ տեղեկատվությունը, քանի որ այդպիսի ֆոն առկա է․ Ադրբեջանն ասում է՝ Երեւանը «Իրեւան է», Հայաստանը՝ «արեւմտյան ադրբեջան»։ Այդ ֆոնի մեջ էլ տեղավորվում է նաեւ այս դեպքը»։
ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Երեւանի Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգը երգած եւ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ չնշելով ազգությունը։ Հարցին, թե ի՞նչ է պարզվել գործով՝ Հանրապետության հրապարակում երգողները Իրանի քաղաքացի ադրբեջանցի՞ներ են, Դավիթ Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախաքննական գաղտնիքի պատճառով չի կարող մանրամասներ հայտնել։ «Բայց իմ կարծիքով՝ եթե ադրբեջաներեն են երգել, ցանկացած հայի համար նրանք թուրք են, ադրբեջանցի են։ Տարբերություն չկա, թե ինչ ազգության են, անբարոյականություն է նման արարք թույլ տալը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ արցախցի դասախոս Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանից հետո, երբ նա իր սոցիալական ցանցում տարածել էր Երեւանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգող անձանց վերաբերյալ տեսանյութը։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Ղարիբ Բաբայանը տարածել է «քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք»։
Ռոզա Հովհաննիսյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: