Կարմիր խաչի հայտարարությունը․ վերականգնել մատակարարումները

  • 11:47 19.08.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) միակ հումանիտար կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում՝ աճող հումանիտար պահանջմունքները բավարարելու համար։ Այս մասին նշվել է ԿԽՄԿ հայտարարությունում։

«Դեղորայքի վերջին մատակարարումներն իրականացվել են հուլիսի 7-ին, այն դեպքում, երբ սննդամթերքների վերջին մատակարարումն իրականացվել է հունիսի 14-ին։ ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշումներ ընդունող անձանց փոխզիջում գտնել և հնարավոր դարձնել անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերականգնումը»,- ընդգծվել է ԿԽՄԿ հայտարարությունում։

Կազմակերպությունն իր հայտարարությունում  նաև թվարկել է այն օգնությունը, որը տրամադրվել է Արցախի բնակչությանը շրջափակման սկզբից՝ 2022թ. դեկտեմբերից առ այսօր։

Մասնավորապես, ԿԽՄԿ հայտարարության համաձայն՝ ավելի քան 700 մարդ, որոնք բժշկական խնամքի կարիք են ունեցել, տարհանվել են Լաչինի միջանցքով ԿԽՄԿ թիմերի կողմից, ներառյալ 41 մարդ այս ամիս։

Բացի այդ, ԿԽՄԿ-ն տեղեկացրել է 600 մարդու Լաչինի միջանցքով անվտանգ տեղափոխմանն աջակցելու մասին, ներառյալ 230 երեխա, ընտանիքների հետ վերամիավորման նպատակով։

Կազմակերպությունը տեղեկացրել է օգնության 77 բեռնատարներ տեղ հասցնելու մասին, ներառյալ 900 մետրիկական տոննա բժշկական մատակարարումներ բուժհաստատությունների համար և սննդամթերքի,  հիգիենայի պիտույքների 10 000 փաթեթի բաշխման մասին հատկապես կարիքավորներին, ներառյալ հղի կանանց և տարբեր հաստատություններին։