ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասը Թվիթերում գրել է․ «Հիմնական լրատվամիջոցները ձեզ չեն տեղեկացնում, բայց Լեռնային Ղարաբաղում արդեն կան սովից մահեր, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի ապօրինի շրջափակման հետևանքով: Որտե”ղ է զայրույթը: Ինչո՞ւ ոչ ոք ուշադրություն չի դարձնում հայերի ինքնորոշման վրա»։
2020-ի պատերազմի օրերին նա գրել էր․ «Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը միայն մեկ լուծում ունի` Արցախի անկախության միջազգային ճանաչումը` այնպես, ինչպես Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի, Կոսովոյի դեպքում»։ Իսկ ավելի վաղ Ալֆրեդ Մորիս դե Զայասը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից իր անկախությունը հռչակել էր դեռևս 1991 թվականի դեկտեմբերին և այդ հռչակագիրը համապատասխանում է ժամանակակից միջազգային իրավունքին: Մորիս դե Զայասի խոսքով` ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքն է հանգեցնում հակամարտության, այլ դրա անարդար մերժումը: Նա վստահություն էր հայտնել, որ Ալիեւը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջեւ՝ ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով: