Բեգլարյան․ մեր բացթողումների եւ ձախողումների հետեւանքով է, որ նրանք այնտեղ են

  • 19:45 03.03.2025

«Այնտեղ՝ Բաքվում դատվում է միջազգային իրավունքը, բայց առաջին հերթին դատվում ենք մենք, դատվում են հայ ժողովուրդը եւ հայ ժողովրդի ազատություններն ու իրավունքները, հայ ժողովրդի արժանապատվությունը եւ ամբողջ Արցախի Հանրապետությունը»,- «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բագլարյանը։

Նա նշեց, որ մեր բացթողումների եւ ձախողումների հետեւանքով է, որ նրանք այնտեղ են, բայց մենք բոլորս կրկին պետք է հիշենք, որ սա առաջին հերթին ՀՀ իշխանությունների պատասխանատվությունն է, որ պետք է ազատեն ու պաշտպանեն մեր գերիներին։

«Սա առաջին հերթին ՀՀ իշխանութունների բացթողումն ու ձախողումն է, որ նրանք այնտեղ են։ Նոր դրանից հետո մենք միջազգային հանրությունից, Կարմիր խաչից եւ այլ միջազգային կազմակերպություններից ունենք պահանջներ ու ակնկալիքներ։ Ուղղակի տեսնում ենք, որ վիճակը գնալով ծանրանում է, այդ պատճաով բոլոր հնարավոր հարթակներում մեր ձայնն ենք բարձրացնում»։

Արտակ Բեգլարյանն անդրադարձավ Ադրբեջանում «Կարմիր խաչի» եւ ՄԱԿ-ի գրասենյակների գործունեությունը դադարեցնելու մասին տեղեկատվությանը։ «Սա ի՞նչ է նշանակում, որ Արցախի ժողովրդի ցեղասխանությունից, հայրենազրկումից եւ դա ամբողջովին մարսելուց հետո Ալիեւի բռնապետական ու ցեղասպանական ռեժիմն անցել է միջազգային հանրությանը մեկուսացնելու գործողություններին։ Այսինքն՝ Ալիեւն այլեւս ոչ միայն թքում է միջազգային հանրության երեսին, այլ նաեւ ասում է՝ ես ձեր կարիքը չունեմ, դուրս իմ երկրից։ Եվ սա ինչո՞ւ է արվում, որովհետեւ նույն միջազգային հանրությունը մարսել է, նույնիսկ թույլատրել է, աջակցել է Արցախի ժողովրդի ցեղասպանությանն ու հայրենազրկմանը։

Միջազգային կառույցների ձախողումը՝ չպաշտպանելու մեզ, հիմա հասել է արդեն նրանց, այս մտրակն արդեն իջնում է նրանց գլխին։ Հերթական այս դրվագը պետք է գոնե վերջին կարմիր գիծը լինի, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկրների, պետք է այլեւս շատ ուղիղ կերպով ասեն, թե ինչ է եղել եւ Ալիեւին քարշ տան Միջազգային դատարան՝ պատասխանատվության»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը։