Դիմադրություն չի լինի, «արդարացումները» պատրաստ են, մնացածը «տեխնիկայի» հարց է

  • 12:47 18.03.2025

Ստեփանակերտ, 2023-ի սեպտեմբերի 19

Ինչպես նկատել են վերլուծաբանները, «խաղաղության համաձայնագրի» տեքստը համաձայնեցնելու մասին հայտարարելուց հետո Բաքուն առիթ է ստեղծում ռազմական ճանապարհով ուզածը ստանալու համար։ Այդ ջանքերում նրան ոչ ոք չի սահմանափակում, եթե չասենք՝ խրախուսում են։

Հայ վերլուծաբանները փորձում են «բացատրություններ» գտնել, իբր Բաքուն չի ուզում ստորագրել «հայանպաստ» համաձայնագիրը, և փորձելով պարզել, թե Ալիևի «վերջին» պահանջը ո՞րը կլինի։ Ինչպես Step1.am-ին ասել է Սարո Սարոյանը, վեջին պահանջը՝ Հայաստանի ինքնալուծարման ակտն է, ինչպես եղել է Արցախի դեպքում։

Դա շատ լավ գիտեն և ՀՀ իշխանությունները, բացառված չէ, որ այդ ակտն արդեն գրված է, բայց հասարակությանը ներկայացնելու համար պետք է համապատասխան անտուրաժ ստեղծել։ Եվ ինչքան մոտենում է «ինքնալուծարման» պահն, այնքան կառավարության «արդարացումներն» ավելի հիստերիկ և անհույս են դառնում։

Կառավարությունը կարծես նախապատրաստում է մի փաթեթ, որը ինքնալուծարումից հետո կներկայացնի որպես «արդարացում»․ մենք ամեն ինչ արել ենք, բայց անհնարին էր այլ կերպ վարվել։ 3 մլն․ մարդու կյանք փրկելու համար ենք արել՝ իհարկե պլյուս-մինուս։

Կառավարությունը, որը բոլոր հարթակներից հայտարարում է, որ չի օգտագործելու գնված զենքը, այսօր թվարկել է այն ամենը, ինչն «առաջարկել» է Բաքվին, և հիմա անհույս սպասում է «դրական պատասխանին»։ Հենց դա էլ կլինի “ինդուլգենցիան։”

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ դեռևս 2024 թվականի հունիսի 22–ին Հայաստանն առաջարկել է՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։

ՀՀ պաշտպանության նախարարության 2025 թվականի մարտի 17–ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ–ին փոխանցելու պարագայում։ Սակայն դա էլ է մնացել անպատասխան։

Հայաստանը Ադրբեջանին կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ, ասված է հայտարարության մեջ։ Այսինքն՝ Բաքուն չի պատասխանում նաև այդ առաջարկին։

Հայաստանը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները, ասված է հայտարարության մեջ։ Ըստ երևույթի, Բաքուն դա էլ է «իգնոր» արել։

Վարչապետի աշխատակազմի հայտարարության մեջ ասվում է, թե «2025 թվականի հունվարին Հայաստանը գրավոր կերպով Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան և Հայաստանի հյուսիս–արեւմտյան շրջաններից Նախիջևանով դեպի ՀՀ հարավային հատված երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ»:

Բացի այդ, ըստ հայտարարության, Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։

Այդ երկու առաջարկները ևս առանց արձագանքի են մնացել։

Հիմա կառավար-ությունը կասի, որ ամեն ինչ արել է։ Դրա հետ մեկտեղ նա նորից է տեղեկացնում Բաքվին, որ «ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի»։

Դիմադրություն չի լինի, «արդարացումները» պատրաստ են, մացածը «տեխնիկայի» հարց է։