“Արցախ․ իմ մանկության փողոցը․ 101 պատմություն” նախագծի շնորհանդեսը նվիրված էր Արցախի բարբառի պահպանմանը

  • 19:05 24.03.2025

Կայացել է “Արցախ․ իմ մանկության փողոցը․ 101 պատմություն” նախագծի շնորհանդեսը՝ նվիրված Արցախի բարբառի պահպանմանը։

Նախագիծը կյանքի է կոչվել ՀԲԸՄ-ի տրամադրած արցախյան թեմաներով հետազոտական դրամաշնորհային նախաձեռնության շրջանակներում՝ նպատակ ունենալով բարձրացնել Արցախի մասին իրազեկությունը և ընդլայնել տարածաշրջանի պատմության, մշակույթի ու ներկա իրավիճակի մասին տեղեկատվության հասանելիությունը։

Այս յուրահատուկ նախաձեռնությունը ներկայացնում է 5-ից 15 տարեկան 101 երեխաների մանկության հուշերը՝ պահպանելով ու տարածելով Արցախի հարուստ լեզվական ու մշակութային ժառանգությունը։

Նախագծում ներկայացված են արցախցի երեխաների  պատմությունները։ Նրանք կարոտով են խոսում Արցախում անցկացրած ամեն մի օրվա մասին, վերապրում երջանիկ պահերը, երազում կրկին ապրել այնտեղ։

Թվային հարթակը փաստահավաքագրում իրականացնելուց բացի Արցախի երեխաների համար նաև ցանցային գործող համայնք է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերում բնակություն հաստատած երեխաները կարող են գտնել իրար, խոսել հարազատ բարբառով, պատմել իրենց պատմություններն ու միանալ 101 երեխաներին։

Կարինե Բախշիյան