Այսօր` ապրիլի 8-ին, Երևան քաղաքում տեղի է ունեցել հրաձգության հանրապետական մրցույթ, որին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերից ժամանած թիմերը։
Արմավիրի մարզը ներկայացրել է Խոյ խոշորացված համայնքի Շահումյանի և Արշալույսի միջնակարգ դպրոցների 8 աշակերտներից կազմված թիմը։ Աշակերտներից 4-ը արցախցիներ էին։ Թիմի պատասխանատուն Շահումյանի դպրոցի զինղեկ, Արցախից տեղահանված Արման Ավանեսյանն էր։
Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո Արմավիրի թիմն զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը` ընդամենը 20 միավորով զիջելով առաջին հորիզոնականին։
-Արցախից տեղահանվելուց հետո` որպես զինղեկ, աշխատանքի եմ անցել Շահումյանի դպրոցում։ Առաջին գործս է եղել ստեղծել հրաձգարան ու համապատասխան պայմաններ, որ աշակերտների մեջ զարգանան զենքի տիրապետման հմտություններն ու համարձակությունը։ Այս մրցույթին նախապատրաստվել ենք մեծ պատասխանատվությամբ` նախօրոք անցկացնելով մի շարք պարապմունքներ։ Արդյունքը գոհացուցիչ է։ Անցած տարի թիմը գրավել էր 7-րդ տեղը։
Ուրախ եմ, որ հաջողվել է իմ փորձն ու մասնագիտական ունակությունները փոխանցել աշակերտներին,-ասում է Արման Ավանեսյանը, ով Արցախի Խնապատի միջնակարգ դպրոցի զինղեկն էր և նման միջոցառումներ բազմաթիվ անգամ է կազմակերպել Արցախում։
Թիմին ուղեկցում էր նաև Արշալույսի միջնակարգ դպրոցի զինղեկ Ռաֆայել Ազիզյանը, ով 2018 թվականին վիրավորում է ստացել Թալիշում մարտական առաջադրանք կատարելիս։
Մրցույթի վերջում մասնակիցները պատվոգրեր ու մեդալներ են ստացել, իսկ թիմն արժանացել է գավաթի։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ