“Մոնթե-Ավո” բարեգործական ընկերության կողմից շարունակվում են իրականացվել բարեգործական ծրագրերը, որոնք ուղղված են արցախցի դպրոցականների կրթական, հոգևոր և մշակութային զարգացման խթանմանը։
Բարեգործական ընկերությունը 2006 թվականից է իր վրա վերցրել այդ առաքելությունը և հենասյուն հանդիսացել Արցախի մի շարք դպրոցների և դպրոցականների համար՝ տարիներ շարունակ իրականացնելով բազում բարեգործական ծրագրեր։ Ընկերությունն ուշադրությունը սևեռել է աշակերտների կրթական մակարդակը բարձրացնելու վրա՝ խրախուսելով և հատուկ մրցանակներով պարգևատրելով ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին և այդ աշակերտների հաջողության մեջ իրենց ներդրումն ունեցած ուսուցիչներին։
2023-ի Արցախի տեղահանությունից հետո, երբ արցախցիները հայտնվել են ծանր ու դժվարին վիճակում, “Մոնթե-Ավո”-ն շարունակում է ուշադրության ու հոգատարության ներքո պահել արցախցի դպրոցականներին։
Հայրենիքից զրկված երեխաների բարոյահոգեբանական վիճակը բարելավելու նպատակով ձեռնարկվել են բազմաթիվ ծրագրեր։
Շարունակվում է իրականացվել նաև “Մոնթե-Ավո”-ի հեղինակային իրավունքով ստեղծված “Արցախցին կարդում է” գրքարշավը, որին արցախցի գրքասեր աշակերտները մասնակցում են կրկնապատկված ոգևորությամբ։
Գրքարշավը ՀՀ-ում կազմակերպվում է արդեն երկրորդ տարին։ Այն ավելի լայն արձագանք է ստանում, քանի որ այս տարի թույլատրվում է, որ գրքարշավին մասնակցություն ունենան նաև Հայաստանում ապրող արմատներով արցախցի երեխաները։ Արտերկրում բնակվող արցախցիները նույնպես հնարավորություն ունեն մասնակցելու և մաս կազմելու այս մշակութային, ազգային և գաղափարական շարժմանը։
Մրցույթն առավել հետաքրքիր դարձնելու համար կազմակերպությունը սահմանել է մրցանակային ֆոնդ, հատուկ նվերներ, պատմաճանաչողական էքսկուրսիաներ և ճանապարհորդություններ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ