“Մայիսի 21-ից հետո մենք կարող ենք այնպիսի պահի հետ առնչվել, որ դա հավասարազոր կլինի 2023 թվականի սեպտեմբերի 19-ին”

  • 19:41 12.04.2025

«Մայիսի 21-ին լրանում է Արցախի Ազգային ժողովի լեգիտիմ ժամկետը։ Դա վերին աստիճանի անհագստացնողն է, ես շատ եմ ընթերցում, որ պետք է գնալ, դրանց բոլորին հանել, ոչնչացնել։ Դա այնքան վտանգավոր բան է։ Դա նշանակում է, որ իշխանական այս թիմն օգտագործելու է արցախցիներին՝ Արցախը դելեգիտիմացնելու համար։ Ո՞վ է ձեզ ասել, որ վաղը չեն գտնվելու մի 100-200 հոգի, որ գնան Արցախի ներկայացուցչություն ու ասեն՝ դուրս եկեք այդտեղից։ Դա Արցախի լեգիտիմ ներկայացուցչությունն է, միջազգային հանրության հետ մենք առայժմ կարող ենք խոսել միայն լեգիտիմ մնացած Արցախի իշխանությունների միջոցով, կապ չունի՝ նրանք լավ են աշխատել, թե վատ», -Ազատության հրապարակի վրանում քննարկման ժամանակ այսօր ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, որ Արարատ Միրզոյանի հերթական անմեղսունակության նշանն է, որ հղում է անում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի իրավական ուժ չունեցող հրամանագրին։ «Մինչեւ այդ Արարատ Միրզոյանը խոսում էր Ալմա-Աթայի հռչակագրի մասին, հիմա էլ սկսել է խոսել Սամվել Շահրամանյանի թղթի մասին»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։

«Ինչ էլ որ լինի, մենք նախ եւ առաջ պետք է ունենանք մի կոցեպտ, որով կկարողանանք դիմադրել այդ հստակ վտանգին, այն է՝ մայիսի 21-ից հետո մենք կարող ենք այնպիսի պահի հետ առնչվել, որ դա հավասարազոր կլինի 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Բայց դա արդեն տեղի կունենա Հայաստանի իշխանության կողմից։ Եթե մենք դա չկարողանանք կանխել այսօրվանից սկսած, մեր մյուս լավ առաջարկություններն ուղղակի դառնալու են առոչինչ: Իշխանությունը ոչ մի խոչըդոտ չունի մայիսի 21-ից հետո փակելու Արցախի ներկայացուցչությունը»,- ասաց նա։