Գորիսում 18 ընտանիք, այդ թվում արցախցի, նշել է բնակարանամուտը

  • 13:39 28.04.2025
Ինչպես հայտնում է Syunik News-ը, ապրիլի 26-ին տեղի ունեցավ բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը։ Տասնութ ընտանիք ստացավ հիմնովին վերանորոգված և կահավորված նոր բնակարաններ՝ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և ջանքերով կյանքի կոչված ծրագրի շնորհիվ։
Նախկինում երկու հարկ ունեցող պետական ենթակայության շենքը ենթարկվել է համապարփակ վերակառուցման. հիմնովին վերանորոգվել են առաջին և երկրորդ հարկերը, իսկ երրորդ հարկը կառուցվել է նորից՝ ամբողջությամբ նոր շինարարական լուծումներով և ժամանակակից ստանդարտներին համապատասխան։
Բնակարանները կահավորվել են անհրաժեշտ տեխնիկայով և խոհանոցային կահույքով՝ բնակիչներին առաջարկելով հարմարավետ և արժանապատիվ կենսապայմաններ։
Բնակարանները հանձնվել են հիմնականում Արցախից տեղահանված և Գորիսի սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնց համար այս նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի՝ որպես նոր կյանքի սկիզբ խաղաղ և ապահով միջավայրում։
Բնակարանամուտի ժամանակ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորեց նոր բնակիչներին՝ ընդգծելով, որ համայնքը շարունակելու է ծրագրեր իրականացնել՝ նպատակ ունենալով բարելավել բնակչության կենսապայմանները և ամրապնդել Գորիսի սոցիալական կայունությունը։