Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է հրադադարի մայիսի 7-ից (կամ ցանկացած այլ օրից), բայց ոչ թե երեք, այլ 30 օրով։ Նա առաջին անգամ բացահայտորեն մերժեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից երկուշաբթի՝ ապրիլի 28-ին, հայտարարված հրադադարի առաջարկը։
«Սա մեծ թատերական ներկայացում է», – մեկնաբանեց Զելենսկին եռօրյա զինադադարի գաղափարը։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդքան կարճ ժամանակահատվածում անհնար է որևէ բանի շուրջ համաձայնության գալ, այդ իսկ պատճառով Կիևը պնդում է 30-օրյա հրադադարի վրա։
Ուկրաինայի նախագահը կարծում է, որ եթե Ռուսաստանը պատրաստ է խոսել իրական հրադադարի մասին, ապա կողմերը պետք է աջակցեն ԱՄՆ-ի նախնական առաջարկին՝ 30-օրյա անվերապահ հրադադարի վերաբերյալ։
«Ոչ ոք չի օգնի, որ մայիսի 9-ին Պուտինը տպավորություն ունենա, թե դուրս է գալիս մեկուսացումից, որպեսզի Կրեմլի հրապարակ եկող բոլոր առաջնորդները իրենց հարմարավետ և անվտանգ զգան», – հավելել է Զելենսկին (մեջբերել է «Ինտերֆաքս-Ուկրաինան»):
Վլադիմիր Զելենսկին նաև ասել է, որ Կիևը չի կարող այլ պետություններին անվտանգության երաշխիքներ տալ, եթե նրանց ներկայացուցիչները Մոսկվա գան մայիսի 9-ին Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է. մենք չենք կարող պատասխանատվություն կրել Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղի ունեցողի համար։ Նրանք [ռուսները] ապահովում են ձեր անվտանգությունը, և մենք որևէ երաշխիք չենք տա, քանի որ չգիտենք, թե ինչ կանի Ռուսաստանը այդ ամսաթվերին», – ասաց Զելենսկին։