«Վստահեցնում եմ ձեզ, որ Արցախի նախագահի ինստիտուտը պահպանված է»

  • 11:00 09.05.2025

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ է սպասվում Արցախի իշխանություններին մայիսի 21-ից հետո, երբ գործող խորհրդարանի ժամկետը լրանում է։ «Վստահեցնում եմ ձեզ, որ Արցախի նախագահի ինստիտուտը պահպանված է, շարունակելու է աշխատել։ Եվ հենց ժամանակը մոտենա, անպայման մենք հայտարարությմաբ հանդես ենք գալու»,- ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ Արցախի Սահմանադրությունում կատարված փոփոխությունները ցանկացած ֆորսմաժորային իրավիճակի համար լուծում ունեն։ «Հետեւաբար, կենտրոնանալ կոնկրետ ընտրության վրա կա որեւէ գործընթացի վրա, կարիք չկա։ Շարունակվելու է Արցախի նախագահի ինստիտուտի գոյությունը, դա ամենակարեւորն է, որը մենք կարողացել ենք անել։ Բնականաբար, նիստ տեղի կունենա, որի մասին մենք հետագայում արդեն տեղյակ կպահենք։ Եկեք կենտրոնանանք այն փաստի վրա, որ նախագահի ինստիտուտը պահպանված է»,- հավելեց Հակոբյանը։

Ըստ նրա՝ Արցախի իշխանությունների ցանկացած գործողություն ուղղված է նրան, որ նախ թույլ չտան փակել Արցախի հարցը։ Երկրորդ հարցը արցախցիների իրավունքի իրացման հետեւից գնալն է, որն անում են պետական ինստիտուտները։ «Մեր բոլոր գործողությունները, երբեմն համեստ, երբեմն հասարակության համար անհասականալի, զուտ բխում են Հայաստանի անվտանգությունից։ Մեզ համար որեւէ տարբերություն չկա՝ Արցախ, թե Հայաստան։ Մեզ համար երկու հայկական պետությունները գերագույն արժեք են, հետեւաբար, մեր գործողությունները, որոնք բխում են արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքից, որեւէ այլ գործընթաց չեն ենթադրում։ Մենք փորձում ենք ստեղծված հանձնախմբի միջոցով թույլ չտալ, որ արցախցիների իրավունքների հարցը մարի միջազգային հարթակներում, առ այն պահը, մինչ Հայաստանում կհաստատվեն ազգային իշխանություններ»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։