«Մեր ունեցած տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի դրվագներով քրեական գործերի մեծ մասը վերաբերում է բանակին։ Դուք նշում եք բարձրաստիճան սպայից մինչեւ զինվոր, էս պետությունը ղեկավար ունի, թե՞ չէ։ Այդ ղեկավարությունն իր դերակատարություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, ռազմաքաղաքական որոշումների, բանակին թիկունք կանգնելու, մոբիլիզացիա անելու հարցում։ Միայն շեշտադրումը բանակի վրա անելն անընդունելի է։ Օրինակ՝ երկրի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, որեւէ գործով հարցաքննվե՞լ է, թե ոչ»,- այսօր Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Քաղաքական ղեկավարության ու Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության մասին հարցին ՔԿ ղեկավարը խուսափեց պատասխանել։ Նա անդրադարձավ 44-օրյա պատերազմի դրվագներով քրեական գործերին, որոնցով բարձրաստիճան սպաներ, հրամանատարներ ու շարքայիններ են անցնում։
Արթուր Պողոսյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի դրվագներով կան հարուցված տարբեր քրեական վարույթներ՝ տարբեր հանցատեսակներով՝ սկսած անփութությունից, պաշտոնեական լիազորություններն անցնելուց, մինչեւ դասալքություն, հրաման չկատարել եւ այլն։ «Եվ այդ վարույթները մենք բաժանել ենք մի քանի ուղղությունների՝ սկսած բարձրաստիճան սպաներից, ովքեր ղեկավարել են այդ հիմնական ուղղությունները, վերջացրած զինվորով, մենք յուրաքանչյուրի գործողությունները հետեւանքի տեսանկյունից գնահատել ենք։ Մենք արդեն իսկ որոշակի քրեական վարույթներ ունենք, երբ առանձին ուղղություններով բարձրաստիճան սպաների եւ հրամանատների կողմից կատարված առերեւույթ հանցանքները մենք հաստատել ենք։ Եվ հենց անգործությունը կամ գործողությունն է մեր գնահատամամբ բերել տվյալ ուղղությամբ ձախողման։
Մենք ունենք ուղիղ մեղադրանքներ, երբ մեր վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ, տվյալ բարձրաստիճան զինվորականի գործողությունների հետեւանքով ոչ միայն ձախողվել է հարձակումը, այլ նաեւ հետագայում ամբողջ պաշտպանական շղթան ձախողվել է, եւ ունենք կոնկրետ հետեւանքներ։ Նույնիսկ ունենք մեծ քրեական վարույթներ, որոնք հիմա դատարան ենք ուղարկել, դավաճանության դեպքեր ունենք։ Առանձին վերցված պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ ունենք։ Մենք պետք է գնահատենք, թե վերջնարդյունքում որքանո՞վ է պետական դավաճանությունն ազդել կոնկրետ ուղղության վրա հետեւանքի առումով։ Երբ որ արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր ունենանք, հնարավորություն կունենանք նաեւ այս առումով գնահատել, թե որքանով են այդ անձանց գործողությունները պատերազմի արդյունքի վրա ազդել»,- ասաց Արթուր Պողոսյանը։
Նա հավելեց, որ կան նաեւ քրեական վարույթներ, որոնք վերաբերում են նախկինում ձեռք բերված սպառազինությանը։
Երբ Սեյրան Օհանյանը կրկնեց հարցը Նիկոլ Փաշինյանի մասին, ՔԿ ղեկավարն ասաց․ «Գլոբալ առումով վերլուծում ենք, թե մյուս այլ գործոնները որքանով են ազդել պատերազմի ելքի վրա»։