«Ադրբեջանի և Հայաստանի պարագայում մենք շատ, շատ մոտ ենք այդ երկրների միջև առկա հակամարտության վերջնական կարգավորմանը», – ամերիկյան պահպանողական Brеitbart կայքին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Ամերիկացի պաշտոնյան նաև հույս է հայտնել, որ առաջիկայում մի շարք արաբական երկրներ ևս կմիանան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Աբրահամի համաձայնագրերին»։ «Իմ կանխատեսումն այն է, որ համեմատաբար մոտ ապագայում «Աբրահամի համաձայնագրերին» կարող են միանալ Լիբանանը և նույնիսկ Սիրիան», – նշել է Ուիթքոֆը։
Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ևս կարող են միանալ դրանց ապագայում։
«Ես խոսում եմ Աբրահամի համաձայնագրերին միացող երկրների մասին, դա կարող է պատահել Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների լուծմանը՝ վերջնականապես լուծելուն։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին», – ասել է Ուիտկոֆը։
ԱՄՆ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա «հավատում է դրան»։
«Սա նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը որպես ամբողջություն։ Մենք այստեղ ենք, և ես ունեմ շատ, շատ լավ թիմ։ Մենք շատ լավ գործընկերություն ունենք Պետդեպարտամենտի հետ, ինչը թույլ է տալիս մեզ անհրաժեշտության դեպքում մեր որոշ զրույցների համար ներգրավել տաղանդավոր անհատների։ Ես իսկապես վստահ եմ, որ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում չորս կամ հինգ, գուցե վեց երկիր կստորագրի Աբրահամի համաձայնագրերը, և դա կարևոր ազդանշան կուղարկի աշխարհին նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության նախաձեռնությունների մասին՝ ամբողջ աշխարհում խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար», – եզրափակել է Ուիտկոֆը։