Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Ստամբուլ՝ Ուկրաինայում խաղաղության մասին բանակցություններին մասնակցելու համար։ Նրա անունը չկա Ռուսաստանի պատվիրակության մասնակիցների ցուցակում, որը հաստատվել էր անձամբ Պուտինի կողմից և հրապարակվել Կրեմլի կայքում չորեքշաբթի՝ մայիսի 14-ի ուշ երեկոյան։ Նույն երեկոյան ամերիկյան Sky News հեռուստաալիքը հայտնեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես չի մեկնի Թուրքիա կայանալիք բանակցություններին։ Նույն տեղեկատվությունը հրապարակել է նաև Reuters-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի աղբյուրին։
Ստամբուլում կայանալիք բանակցություններին ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակությունը չի ներառի ոչ մի նախարար, այդ թվում՝ ո՛չ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ո՛չ էլ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։ Փոխարենը Կրեմլը բանակցություններին ուղարկեց Լավրովի տեղակալ Միխայիլ Գալուզինին, Բելոուսովի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինին և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովին։
«Ստամբուլում ԱՄՆ-ն կներկայացնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվեն Ուիթկոֆը և Քիթ Քելլոգը», – գրում է Agency առցանց հրատարակությունը։
Մայիսի 15-ի գիշերը Reuters-ը, հղում անելով անանուն ուկրաինացի պաշտոնյայի, հաղորդել է, որ Վլադիմիր Զելենսկին «ճանապարհին է» դեպի Անկարա։